«Ժողովուրդ». Դոմուսի հրդեհի հիմնական պատճառների մասին քննչական կոմիտեն լռում է
Օրվա մամուլ
09:16 12/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Դոմուսի հրդեհի հիմնական պատճառների մասին քննչական կոմիտեն լռում է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2025 թվականին «Դոմուս» ՓԲԸ-ն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ արդեն երկու հայց ունի վարչական դատարանում ու փորձում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։

Դատելով իրավիճակից՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 7-ի հրդեհը տեսչական մարմինը «Դոմուս»-ում խնդիր է տեսել ու կարգադրել է ընկերությանը որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք առնչվել են անվտանգության կանոններին: Փաստացի, երկու կողմերը իրար չեն հասկացել, և դրանից հետո «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվեց մոտ 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող երկհարկանի շինությունը՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։ Բարեբախտաբար, տուժած անձինք չկային:

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ասել էր, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մինչդեռ «Դոմուս» ընկերությունն իր հայտարարությունում հերքել է դա և հայտնել, որ, աշխատակիցների դիտարկմամբ, հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների հետևանքով:

Փաստ է մեկ բան. հրդեհի գործով քննություն է իրականացվում ամիսներ շարունակ, ու մինչ օրս դեռ հիմնական պատճառների մասին քննչական կոմիտեն լռում է, իսկ «Դոմուս»-ի սեփականատերերը դատարաններում են կռիվ տալիս պետական կառույցների դեմ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Դոմուսի հրդեհի հիմնական պատճառների մասին քննչական կոմիտեն լռում է