750 մլն դոլարի եվրապարտատոմսերով ՀՀ-ն պարտք է վերցնում՝ պարտքը մարելու համար. Աղասի Թավադյան
Տնտեսություն
21:17 17/03/2025
Հայաստան

750 մլն դոլարի եվրապարտատոմսերով ՀՀ-ն պարտք է վերցնում՝ պարտքը մարելու համար. Աղասի Թավադյան

ՀՀ-ն 750 մլն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել՝ 7.1% բարձր տոկոսադրուքով։ Սա խոսում է տնտեսությունում առկա խնդիրների մասին։ Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի հեղինակ Աղասի Թավադյանի հետ։

«Այս ամենը սխալ հարկային քաղաքականության հետևանք է, երբ բյուջեն թերակատարվել է, խոսքը բյուջետային մուտքերի և հարկերի բավականին շատ թերհավաքագրման մասին է։ Սրա արդյունքում, մենք ունենք բյուջեի ճեղքվածք, ինչի հետևանքով բարձր տոկոսադրույքով պարտք ենք վերցնում նաև պարտքը մարելու համար։ Սա շատ վատ է, քանի որ պետական պարտքի սպասարկումն արդեն բյուջեի երրորդ հոդվածն է։ Առաջինը՝ ռազմական ծախսերն են, երկրորդ՝ սոցիալականը և երրորդը՝ պետական պարտքի ապահովագրումը։

Փաստացի պարտք ենք վերցնում պարտքը մարելու համար, ինչպես նաև ընթացիկ ծախսերը հոգալու համար, սա սխալ քաղաքականության և այն թյուր կարծիքի արդյունք, թե տնտեսությունը կարող է նույն տեմպով աճել։

Ինչ վերաբերում է բարձր տոկոսադրույքներին, ապա պետք է նշեմ, որ այն ցույց է տալիս, որ արտասահմանյան կառույցները մեծ վստահություն չունեն մեր տնտեսության հանդեպ, ավելի բարձր են գնահատում ռիսկայնության աստիճանը, ինչի համար էլ տոկոսադրույքները բարձր են։
2024 թվականին հարկերից գանձվող միջոցները, որոնք կազմում են մեր բյուջետային մուտքերի հիմնական հատվածը, 8 %-ով ավելի քիչ են եղել, քան պլանավորված է։ Սա աննախադեպ է, այսպիսի բան չի գրանցվել վերջին 15 տարիների ընթացքում և վկայում է սխալ հարկաբյուջետային քաղաքականության մասին։

Բացը փակելու համար կիրառվում է կարճաժամկետ մարտավարություն, որպեսզի ապագա ծախսերը հոգան։ Պատկերացնենք, թե մեր պետությունը ընտանիք է, այդ դեպքում նույն ծախսերն ապահովելու համար շարունակում ենք պարտք վերցնել, բայց պահ է գալիս, երբ պարտքով պարտք ենք փակում, վարկ ենք մարում։ Այն սխալ է, առաջին հերթին պետք է մտածել ծախսերի արդյունավերտության մասին, որոն Հայաստանի Հանրապետությունում չի արվում։ Անհասկանալի է, թե տվյալ ծախսը արդյունավետ է, թե ոչ։ Ծախսի արդյունավետությունը չափվում է զուտ կատարման սանդղակով։ Այսինքը՝ կտրոնը տպվեց՝ համարվում է, որ արդյունավետություն կա։

Այստեղ մի խնդիր էլ կա. մեր մոտ ծախսերի 30%-ը մինչև վերջին պահը չի կատարվում, հետո վերջին եռամսյակում մսխվում է՝ զուտ գալչկան դնելու, կատարողականը ցույց տալու համար։ Առաջին հերթին նման իրավիճակու պետք է արդյունավետության և ծախսերի կրճատման մասին մտածել։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին և նրան որ մեր կառավարությունը դեռևս պնդում է, որ ունենք կայուն տնտեսական աճ, ապա ասեմ, որ իհարկե, պաշտոնապես հայտարարվում է, որ 5.9 % տնտեսական աճ ունենք, բայց եթե խորանանք ցուցանիշների մեջ, ապա 5.9 % տնտեսական աճի ¼-ը ապահովել է առևտուրը, որը 2024 թվականին ավելի ցածր տեմպով է աճել քան 2022-23 թվականներին։ Այսինքն այս առաջնային ոլորտում կա աճի տեմպի դանդաղում։

Երկրորդ հորիզոնականում անշարժ գույքի հետ կապված գործարքներն են, այսինքը՝ վարձակալության պոտենցիալ արժեքները։ Համարվում է, որ վարձակալության գինը բարձրացել է՝ դրանով ՀՆԱ-ն աճել է, բայց բոլորս տեսնում ենք, որ անշարժ գյուքի շուկայում այս պահին լճացում կա, այսինքը եթե համեմատենք 2022 թվականի աշնանային գների հետ, ապա կտեսնենք, որ կենտրոնում գրեթե 2 անգամ, իսկ ծայրամասերում 2.5 անգամ դրանք ընկել են։ Նույնը վերաբերում է անշարժ գույքի շուկային։ Առաջնային և երկրորդային շուկայում էլ վաճառքի գներն ընկել են։ Հետևաբար՝ այս ոլորտում էլ երկարաժամկետ պոտենցիալի մեջ որոշակի հարցեր կան։
Երրորդ ուղղությունը բանկային ոլորտն է, որը միակն է, որ կանոնավոր, անխափան աճում է։
Վերջին ոլորտը շինարարությունն է։

Հիմնականում այս 4 ճյուղն է ապահովել մեր տնտեսության աճը, որը պայմանավորված է եղել մեծամասսամբ դրսից եկած գումարների հետ։ Այսպիսի պայմաններում խոսել երկարաժամկետ կայուն աճի մասին սխալ է։  Այն որ հիմնականում կրճատվել է պետական եկամուտներն ավելացված արժեքի կրճատման հաշվին՝ նշանակում է, որ պետությունում կամ վաճառքի ցուցանիշներն են կրճատվել, կամ թաքցվում է այն, ինչով գոյանում է ավելացված արժեքի հարկը։ Սա նույնպես վկայում է տնտեսության աճի դանդաղման մասին։

Այդ մասին է խոսում մեկ այլ ցուցանիշ՝ արտահանման աճը։ Զուտ թղթի վրա մեր արտահանումը 2024 թվականին աճել է 54  %-ով՝ 8 մլրդ դոլարից հասնելով ապշեցուցիչ 13.1 մլրդ դրամի, սակայն իրականությունն այն է, որ այդ աճն հիմնականում ապահովվել է Ռուսաստանից այլ պետություններ ոսկու վերաարտահանումով, որը կազմել է մեր ընդհանուր արտահանման շլացուցիչ 63%-ը։ Այն դեպում, երբ մեր հիմնական ապրանքների արտահանումը կրճատվել է։ 2024 թվականին դեպի ԵԱՏՄ մեր ապրանքների արտահանումը կրճատվել է 11 %-ով, իսկ դեպի ԵՄ՝ 14%-ով։ Արդյունքում՝ արդեն իսկ արտահանման կրճատում ունենք։ Այսպիսի պայմաններում ոսկու արտահանումն նույն տեմպերով արդեն չկա և սպասվում է, որ 2025 թվականին մեր արտահանումը լինելու է 9 մլրդ դոլար, այսինքը՝ 30%-ով պակաս քան 2024 թվականին էր։

Սա լրջագույն խնդիր է ընդհանուր տնտեսության համար։ Փաստացի 2025 թվականին բավականին մեծ մարտահրավերներ կան հայկական տնտեսության համար, որոին պետք է պատրաստվել։
Պետական պարտքի մասով էլ ասեմ, որ այն բավականին բարձր ցուցանիշի վրա է՝ գրեթէե 50 %։ Ըստ ԵԱՏՄ-Հայաստան համաձայնագրի՝ պետական պարտքը չպետք է անցնի 50 %-ը։ Ըստ ՀՀ օերնսդրության՝ պետական պարտքը չպետք է գերազանցի 60 %-ը, ու եթե գերազանցում է, ապա կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ծախսերը կրճատելու համար։

Ի տարբերություն 2008թ, 2014թ. ճգնաժամերի, այն ժամանակ այդքան մեծ չէր պետական պարտքը և այդքան թանկ չեր դրա սպասարկումը, և այն ժամանակ մեզ կարող էինք թույլ տալ պետական պարտքը կտրուկ ավելացնել տնտեսությունը աճեցնելու համար։ Այս պահին քանի որ մենք կրիտիկական կետի վրա ենք, նման շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ։ Այսինքն արդեն իսկ պետք է մտածել ծախսերի արդյունավետության և նվազեցման մասին«-ասաց Աղասի Թավադյանը։
 

Placeholder
750 մլն դոլարի եվրապարտատոմսերով ՀՀ-ն պարտք է վերցնում՝ պարտքը մարելու համար. Աղասի Թավադյան