Հայաստանի կառավարությունում չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ. Գևորգ Պապոյան
Քաղաքական
15:04 17/03/2025
Հայաստան

Հայաստանի կառավարությունում չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ. Գևորգ Պապոյան

«Հայաստանի կառավարությունում չկա քննարկում, չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ օրակարգ»,- ԱԺ ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝  պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Ագնեսա Խամոյանի հարցին՝ պատրա՞ստ է Հայաստանը ԵԱՏՄ-ն փոխել, փոխարինել ԵՄ անդամակցության երազանքի հետ։

Հիշեցնենք, որ ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Գևորգ Պապոյանն ասաց, որ իրենց օրակարգը հետևյալն է. «Որքան հնարավոր է տնտեսությունը  դիվերսիֆիկացնել։ Դիվերսիֆիկացիան չի ենթադրում ընդդեմ ԵԱՏՄ-ի ինչ-որ բան։ 

Մենք խնդիր չունենք  կախվածությունը մեկ շուկայից փոխարինել մեկ այլ շուկայից կախվածության՝ կլինի ներմուծում կամ արտահանում։ Մենք խնդիր ունենք  բազմաթիվ թելերով տարբեր շուկաներից կախվենք, այդ թվում նաև ԵԱՏՄ, ԵՄ, մերձավորարևելյան, ասիական խոշոր շուկաներից, ամերիկյան։

Մենք  բոլոր ուղղություններով աշխատում ենք, չկա քաղաքական սահմանափակում, ընդհակառակը՝ ինչքան հնարավոր է, որտեղից հնարավոր է փորձելու ենք մեր առևտրաշրջանառությունն ավելացնենք»։ 

Միաժամանակ Գ.Պոյանը նշեց, որ կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր ստանդարտներ են, քան ԵՄ ստանդարտները. «Բացարաձակապես այդպես չէ։ ԵԱՏՄ-ում շատ բարձր ու շատ բարդ ստանդարտներ են դրված, ինչը նորմալ, տրամաբանական է, ինչն արվել է  ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու նպատակով»։ 

Placeholder
Հայաստանի կառավարությունում չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ. Գևորգ Պապոյան