Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրինակ, չեն հասկանում, որ երբ «խառը խփոցի» է գնում, տուժում են բոլորն անխտիր. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Սոկրատն ասում էր. «Ես գիտեմ, որ ոչինչ էլ չգիտեմ»: Այո, խելացի, գրագետ մարդը տարիների հետ հասկանում է, որ իմացությունը հարաբերական է` մարդն ինչքան շատ է կարդում ու սովորում, այնքան շատ է համոզվում, որ իր գիտելիքը կաթիլ է ծովում:
Տգետ մարդը` որքան քիչ գիտի, այնքան ինքնավստահ է եւ կարծում է, որ ամենագետ է` կարող է բոլորին սովորեցնել: Այս 7 տարվա աղետալի սխալների պատճառները նաեւ այստեղ է պետք փնտրել: Այս մարդիկ չեն գիտակցում իրենց տգիտությունը, պետություն ղեկավարելու եւ խնդիրներ լուծելու անկարողությունը: Իհարկե, սրանցից առաջ պաշտոնավարած եւ անգամ չպաշտոնավարած` ողջ կյանքում ընդդիմություն եղած մարդկանց մի ստվար զանգված ևս չի գիտակցում իր թերությունները, անընդունակությունը եւ անգամ` իր գործած արարքների հետևանքները: Օրինակ, չեն հասկանում, որ երբ «խառը խփոցի» է գնում, տուժում են բոլորն անխտիր:
Որ երբեմն անգամ քո թշնամուն հարվածելիս այդ հարվածը ռիկոշետով կարող է հետ գալ ու քեզ դիպչել: Հենց այդ սկզբունքով, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հայհոյում ու վարկաբեկում է նախկին պաշտոնյաներին, դատավորներին, դիվանագետներին, զինվորականներին, ընդդիմադիրներին... այդ ինստիտուտներն են վարկաբեկվում և պետությունն է թուլանում` խոցելի դառնում, հասարակությունը վերածվում ամեն ինչի հանդեպ հավատը կորցրած խառնամբոխի: Նույն կերպ` երբ ընդդիմությունն իր ներսում վհուկների որս է սկսում` իբրեւ թե կեղծ ու իրական ընդդիմությանն իրարից զատելու համար, «ընդդիմություն», «քաղաքական պայքար» հասկացություններն են վարկաբեկվում:
Երբ նախորդ բոլոր շարժումներն անվանում են «ֆռռացրին փողոցներով` տուն ուղարկեցին», «գործարքի գնացին իշխանության հետ», «մտածված ցրեցին ցուցարարներին», ինքնին պայքարի գաղափարն է վարկաբեկվում: Օրինակն ինձ վրա բերեմ, որ չկարծեք դատավորի կեցվածք եմ ստանձնել. տարիներ առաջ` երբ դեռ այսքան փորձ չունեի, երբ իմանում էի, որ ինչ-որ լրատվամիջոցի են դատի տվել, հերքում պահանջել, արշավ սկսել նրա նկատմամբ, եւ այդ լրատվամիջոցը «Հրապարակը» չէ, ուրախանում էի: Ինձ թվում էր` մեր մրցակցի խնդիրը չի կարող մեր խնդիրը լինել: Բավական ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ ցանկացած լրատվամիջոցի վարկաբեկում, բոլոր ԶԼՄ-ներին է վնասում, որովհետեւ վարկաբեկվում է ինքնին գաղափարը` լրատվության, լրագրողական աշխատանքի, մեր անաչառության: Ընթերցողը պարտավոր չէ զատել «որոմը հատիկից»: