«Հետաքրքիր է, քպ-ականների մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ, որ կարձագանքեն»
Քաղաքական
17:33 20/03/2025
Հայաստան

«Հետաքրքիր է, քպ-ականների մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ, որ կարձագանքեն»

Քաղաքական գործիչները, իրավաբաններն արձագանքել են այսօր Ազգային ժողովում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքագծին։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «ԱԺ-ում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորված այլանդակ պահվածքը ոչ միայն անթույլատրելի էր, այլ մեզ` բոլորիս, ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երկրի խորհրդարանում տարբեր լրագրողների ու լրատվամիջոցների դեմ իրականացվող բազմաթիվ այլ միջադեպեր մնացել են անպատասխան:

Ակնհայտորեն իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ, իսկ քպ տարբեր օդիոզ դեմքեր փորձում են արդարացնել շեֆի սպասելիքները:

Չմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է»։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ Էլինար Վարդանյանն արձագանքել է. «Հռիփսիմե Ջեբեջյան, շատ ցավում եմ քպ-ական մի պատգամավորի պատճառով քո ապրումների և հուզմունքի համար:

Այն, որ սա պատգամավորին վայել վարքագիծ չէ, կարծում եմ բոլորի համար է ակնհայտ: Այն, որ սա լրագրողի, կնոջ հանդեպ իրեն հարգող մարդու վերաբերմունք չէ, դա էլ է ակնհայտ:

Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է:

Հետաքրքիր է, քպ-ականների մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ, որ կարձագանքեն՝ որպես պատգամավոր, որպես մարդ»:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Հիանալի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ սանձարձակ լպիրշություն թույլ տված մարդակերպ արարածին ուղղակի անհնար է անդրադառնալ առանց յոթհարկանի հայհոյանքի։

Օրը գալու է։ Ոչինչ»։ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Ըստ պատմական աղբյուրների, առաջին մեխանիկական հակաբեղմնավորիչները պատրաստվում էին հորթերի կաշվից կամ ոչխարների աղիներից։ Ժամանակի ընթացքում գիտատեխնիկական առաջընթացը ներխուժեց նաև այս ոլորտ և ի հայտ եկան բազմաթիվ նոր նյութեր։

Աշխարհն առաջ գնաց, սակայն դատելով քաղաքական դաշտի իշխանական շատ կոնկրետ ներկայացուցչի այսօրվա պահվածքից և կաշվի հաստությունից, կարելի է եզրակացնել, որ այդ ոլորտի իննովացիաները նրան շրջանցել են։

Հռիփսիմե Ջեբեջյան ջան, պինդ կաց։

(Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն)»։ 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն, անդրադառնալով ԱԺ-ում  ՔՊ-ական պատգամավորի վարքագծին, գրել է. « ՔՊ-ական պատգամավորի հերթական լկտի պահվածքը լրագրողի նկատմամբ առաջին հերթին պետք է արժանանա լրագրողների կողմից հստակ վերաբերմունքի։

Նման մարդիկ պետք է մեկուսացվեն հանրությունից և դադարեն լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից»։

 

 

 

 

Placeholder
«Հետաքրքիր է, քպ-ականների մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ, որ կարձագանքեն»