Ցեղասպանություն՝ հով ջրով
Իրավունք
22:15 20/03/2025

Ցեղասպանություն՝ հով ջրով

Չեմ փորձել, բայց ասում են, որ եթե գորտին սառը ջրով կենդանի-կենդանի դնեն կրակին, այդպես էլ կամաց-կամաց կխաշվի, իսկ եթե գցեն եռացող ջրի մեջ՝ դուրս կնետվի կաթսայից։

Եթե այդպես է, մենք այս գորտի օրին ենք։


Ցեղասպանության սարսափների ֆիլմեր, լուսանկարներ տեսած, փաստագրական նյութեր կարդացած, չենք հավատում, որ հիմա, հենց հիմա հայկականության սպանդ է՝ ցեղասպանություն։

 

Մինչև չգան, աչքներիս առաջ մեզ չմորթեն, չխաշեն, չվառեն ու մինչև վերջ մեր ոչնչանալը չտեսնենք՝ չե՞նք հավատալու։  


Ըստ իրավագետ Փիթեր Դրոստի սահմանման՝ ցեղասպանությունը մարդկանց` որևէ խմբի պատկանելիության համար կյանքից կանխամտածված զրկելն է:

 

Ասել, որ Հայաստանը հայերինը չէ, ասել, որ հայերը տեղ չունեն ոչ Արցախում, ոչ Հայաստանում, դրա համար սպանել, ահաբեկել, ... ։ Փաշինյան Նիկոլի օգնությամբ հազարներով ոսկե սերունդ սպանել ու հաշմանդամ դարձնել, հատուկ ատելություն հայ կանանց նկատմամբ՝ Ջերմուկի սահմանին կանգնած կանանց անդամահատում... ։ Դպրոցական երեխաների սպանություն։ Քաղաքական-ռազմական վերնախավի գերություն, խոշտանգում։

 

էլ ոնց լինի, որ հասկանանք, որ ցեղասպանություն ենք ապրում։

 

Սպասում ենք, որ «միջազգային հանրությու՞նը» գնահատի։
 

Ասենք ու գնահատեց։ Ալիևը այնքան է հղփացել, այնքան է իրեն պաշտպանված զգում, որ ԵԹԵ ԱՆԳԱՄ որևէ գնահատական հնչի Հայաստանից դուրս, իր համար դա ոչինչ է։ Միջազգային կազմակերպություններ լուծարելը ու դրանց ադրբեջանից վռնդելը ձեզ օրինակ։

 

Երևի շատ ենք ասել՝ իսկ ինչու չէին 1915-ին հայերը դիմադրում թուրքերին։ Նախ՝ դիմադրել են, հերոսամարտեր, հերոս քաղաքներ ունենք, հետո՝ նիկոլի պես թուրք կառավարությունը տղամարդկանց տարավ պատերազմ ու զինաթափեց։

 

Ովքեր կարող էին առաջնորդներ լինել պայքարի՝ հավաքեց, սպանեց։

 

Քարավաններով կանանց, երեխաներին տանում էին իբր վերաբնակեցնելու. Դիերը նրանց թողնելով ճանապարհներին։

 

Դե ասեք՝ ինչու մենք չպայքարեցինք, որ արցախահայությանը բռնի չարտաքսեն։ Տավուշահայության տները ձեռքներից չառնեն։ Սյունիքի կողքերից չկսմթեն։

 

Ինչու՞։

 

Ափսոսու՞մ ենք տղաներին նորից ուղարկել կռվի։
Նիկոլն ասել է՝ չկրակե՞ք։
Կկվի նման՝ առ քեզ ահա, միայն թե այնպես մի ջնջի մե՞զ։

 

Զավեշտ է, բայց ամեն ինչ տվող նիկոլն ունի հոդված՝  2009 թվին գրած, որ կոչվում է  «Ցեղասպանության մեխանիկա»։ 

 

Ինչու է ալիևի բոլոր պահանջները կատարող ու «խաղաղություն» կաղկանձող նիկոլը դեռ աթոռի վրա։
 

Ինչու չպայքարեցին թուրքի դեմ հարցի՞ն է նման։ Պապեր քննադատող հիմիկվա սերունդ ջան, դե ասեք՝ մե՞նք ինչու չենք պայքարում։

 

Մեկումեջ խաղաղ օրերով հովացրած ջրով դրել են մեզ կրակին, իսկ մենք հույս ունենք, թե երբ ջուրը եռա, դուրս կթռնենք կաթսայից։

 

Այսպես էլ եփվում ենք... 



Անահիտ Ոսկանյան

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցեղասպանություն՝ հով ջրով