«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում
Օրվա մամուլ
08:37 21/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում:

Համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի, 1-ին մասի՝ «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը»: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ կանոնակարգ օրենքը, 1-ին կետում արձանագրեց, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է «Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար»: Հանձնաժողովի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ: Օրենսդիրը նախատեսում է նաև, թե երբ է ավարտվում հանձնաժողովի եզրակացությունը. «Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետն առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին է երկարաձգվել՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչև նոյեմբերի 3-ը։ Որպես երկարաձգման հիմնավորում, որն ի դեպ Կանոնակարգով նախատեսված չէ, ԱԺ-ն պարզաբանել է՝ «ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, և հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023թ. դեկտեմբերին՝ ԱԺ համապատասխան նիստում, հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին»:

2023 թվականի դեկտեմբերից այդ հանձնաժողովն արդեն չի գործում, հետևաբար չի կարող ներկայացնել նաև զեկույց:

Իսկ ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս կոպիտ օրինախախտման վրա աչք փակում շուրջ 2 տարի: Մենք դիմեցինք Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակին այս հարցով. վերջինս հորդորեց գրավոր հարցում ուղարկել:

Հիշեցնենք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներն էլ ձախողեց Քոչարյանը, խախտեց ժամկետները, ԱԺ դռնփակ նիստում ինչ-որ բաներ ներկայացրեց, և հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ինչ հանգամանքներ է ուսումնասիրել ու պարզել քննիչ հանձնաժողովը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում