Ես վստահ եմ` ՔՊ-ն Գյումրիում հաջողության չի հասնելու. Արթուր Վանեցյան
Քաղաքական
22:41 24/03/2025
Հայաստան

Ես վստահ եմ` ՔՊ-ն Գյումրիում հաջողության չի հասնելու. Արթուր Վանեցյան

«Քաղաքական շրջանակները ցանկանում են Գյումրու ընտրություններին տալ համապետական էֆեկտ»,- 24news.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, եթե գետնի վրա շփվեն սովորական գյումրեցիների հետ և լսեն նրանց, ապա իրականությունն այնքան էլ այդպես չէ։

«Գյումրեցին ուզում է առաջինն իր համար ընտրի լավ քաղաքապետ, որն իր համար լավ կլուծի քաղաքի հարցերը։ Բայց նաև չենք կարող ասել, որ Գյումրու ընտրությունները համապետական ինչ-որ էֆեկտ չեն ունենալու։ Ես վստահ եմ, որ Գյումրիում ՔՊ-ն հաջողության չի հասնելու և չի կարողանալու ձևավորել քաղաքային իշխանություն։ Ես վստահ եմ, որ գյումրեցիներն, այնուամենայնիվ, ընտրելու են ընդդիմադիր թեկնածուի, թե ով կլինի հաջորդ քաղաքապետը, ցույց կտան ընտրությունները, բայց նա լինելու է ոչ ՔՊ-ական»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Վստահություն հայտնելով, որ ՔՊ-ն այնտեղ հնարավորություն չունի իշխանություն ձևավորելու՝ Վանեցյանը նշեց, որ սովորական գյումրեցու հետ շփվելիս՝ կարելի է տեսնել, որ տոտալ ատելություն կա դեպի ՔՊ և հավելեց. «Մենք տեսնում ենք, որ ՔՊ-ի քարոզարշավն անցնում է բացառապես վարչական լծակների օգտագործմամբ, այսինքը մարդկանց ստիպողաբար հանում են փողոց, որպեսզի աջակցեն իրենց թեկնածուին»։

Վանեցյանը նկատեց, որ որևէ ընդդիմադիր թեկնածու ազդեցության վարչական լծակներ չունեն, բայց մարդիկ ողջունում են, գնում հավաքներին և բացահայտ ասում, որ ընտրելու են ընդդիմադիր թեկնածուին։

 «Կտա՞ն համապետական էֆեկտ Գյումրու ընտրությունները, ցույց կտան արդյունքները, եթե ընդդիմադիր ուժերը ջախջախիչ հաղթանակ տանեն ՔՊ-ի նկատմամբ՝ վստահաբար այն ունենալու է դրական ազդեցություն ողջ հանրապետության բնակչության վրա, այսինքը մարդիկ հասկանալու են, որ այն միֆը, թե ՔՊ-ն ունի անվերապահ աջակցություն քաղաքացիների կողմից, կոտրվեց, այլևս չկա»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես վստահ եմ` ՔՊ-ն Գյումրիում հաջողության չի հասնելու. Արթուր Վանեցյան