Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմ կարող նշել տարի, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման մասին
«Եվրամիությունում վիզաների ազատականացման հետ կապված մոտեցման հարցում զուսպ են»,- ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարցրեց, թե ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ վիզաների ազատականացման առումով ժամկետների մասով, որոշակիություն կա՞, երբ է այդ հարցը լուծումը ստանալու, «թե ամեն տարի հավաքվելու ենք այստեղ, ասելու ենք՝ ինտենսիվ բանակցում ենք, դա կարող է տևել 2, 3, 4 տարի»։
«Դուք որպես հայկական կողմի բանակցող ի՞նչ խնդիր եք դրել, օրինակ 2027 թվականի հունվարի 1-ից ունենանք այդ ռեժիմը, կամ այլ ժամկետներ եք նախանշել։ Կարծում եմ՝ այսօր մեր հանրության մի զգալի մասն ակնկալում է լսել այդ հարցի պատասխանը»։
Պ.Հովհաննիսյանն ասաց. «Թերևս ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը միակ ոլորտն է, որտեղ չենք կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությունով, դա վիզաների դյուրացման պայմանագրի ոչ լիակատար իրականացումն է։ Բողոքները բազմաթիվ են, չեն նվազում։ Փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ։ Կարծում ենք՝ հարցը մասամբ կարող է բարելավել նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում։
Այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ։
Կուզենայի հիմա ստույգ ասել՝ կավարտենք 2, 3 տարվա ընթացքում, բայց իսկապես ոչ հնարավոր է, ոչ էլ տեղին, ԵՄ գործընկերները խուսափում են վերջնաժամկետներ նշել։
Կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը, նման գործընթացները տևում են 3-5-6 տարի։ Մենք բավականին լավ ենք պատրաստվել այդ բանակցություններին։
Չեմ կարող նշել տարի, երբ կավարտենք այդ բանակցությունները։ Հարցը պահում ենք օրակարգում»։