Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ի շուրջ 494 հազար կենսաթոշակառուների թոշակների մակարդակն այսօր խիստ ցածր է, փոփոխության կարիք կա. Արծվիկ Մինասյան
«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթշակի չափը, պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից»,-խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ զեկուցելով խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին օրինագիծը։
Մինասյանը նշեց, որ առաջարկվում է նաև, որ պարենային զամբյուղների էներգետիկ արժեքը, նրանում ներառվող սննդամթերքի կազմը և կառուցվածքը սահմանելու լիազորությունը դնել կառավարության վրա և հաշվարկի հիմք վերցնել նախորդ տարվա երրորդ եռամսյակի միջին գներով հաշվարկված պարենային և սպառողական զամբյուղների արժեքները։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ կենսաթոշակը չի կարող պակաս լինել այն նվազագույն կարիքներից, որոնք ծախսվում են սննդամթերքի վրա, իսկ միջին կենսաթոշակի դեպքում, նաև այլ կարիքների համար։
«Քաջ հայտնի է, որ ՀՀ-ի շուրջ 494 հազար կենսաթոշակառուների թոշակների մակարդակն այսօր խիստ ցածր է և հատկապես հիմա անհրաժեշտություն կա այս փոփոխությունն ընդունել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, թե հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն այն հիմնավորմամբ, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի հոդված 4-ում արդեն իսկ կա ամրագրված սկզբունք, որտեղ նշվում է, որ սոցիալական, կենսաթոշակային ապահովվածության ոլորտում պետության հիմնական սկզբունքներն են կենսաապահովման նվազագույն բյուջեի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն ևափն ապահովելը։
Նրա խոսքով՝ ընդդիմության նախագիծն կրկնաբանություն է, քանի որ անցումնային դրույթներում ավելացվում է կետ, որ 2026 թվականի հունվարից հետո նվազագույնը և միջին թոշակը համապատասխանաբար պետք է համապատասխանեն պարենային և սպառողական զամբյուղին, այն հանձնառությունն է, ինչը իշխանություններն իրականացնում են։
«Իշխող քաղաքական թիմի ծրագրից ընտրանքային ձևով վերցնել սոցիալական բլոկի մեկ հանձնառություն և դրան տալ օրենքի ուժ, կարծում եմ, որ արդար չէ նաև մեր մյուս հանձնառությունների նկատմամբ և որովհետև մարդկային կապիտալի զարգացման բաժնում ունի նաև այլ հանձնառություններ»,-հայտարարեց Հերիքնազ Տիգրանյանը։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ Տիգրանյանը անընդհատ մանիպուլացնում է նյութական և ընթացակարգային նորմերի հասկացությունների միջև և նշեց, որ ներկայում նվազագույն պարենային զամբյուղն ըստ Առողջապահության նախարարության 40970.9 դրամ է , իսկ նվազագույն սպառողական զամբյուղը 72918 հազար դրամ, որը չի համապատասխանում ներկայում գործող թոշակներին և պետք է փոփոխություններ արվեն։