«Ժողովուրդ». «Կասկադի» շարունակության ճիշտ կառուցումը վտանգված է
Օրվա մամուլ
08:46 25/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». «Կասկադի» շարունակության ճիշտ կառուցումը վտանգված է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երբ նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Հայաստանի ճարտարապետների պալատը մտահոգություն է հայտնել «Կասկադ»-ի վերակառուցման ծրագրի վերաբերյալ, «Ջի Թի Բի» ընկերությունը անմիջապես նախաձեռնեց մարտի 1-ին հայտնած մտահոգության առիթով քննարկում: Իհարկե, այն դռնփակ արեցին, բայց «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել:

 

Նախ հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի հիմնական շահառուն 97.5 %-ով Գրիգոր Տեր-Ղազարյանն է, և թերևս դրանով է պայմանավորված կոռուպցիոն հերթական շղթայի գործադրումը: Ըստ ամենայնի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից բոլոր իշխանական լծակները գործի են դրվել, որ «Կասկադ» համալիրի վերակառուցումը իրականացնի հենց այս ընկերությունը, որի հաղթելու գործընթացը մասնագետները կասկածահարույց են համարում:

 

Բանն այն է, որ Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Բացի դրանից, այդ ընթացքում Ավինյանն ու Ղազարյանը հասցրել են «գործի բերումով» մտերմանալ:

 

Եվ ահա, երեկ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հրավիրել էր շուրջ 300 անդամ ունեցող Հայաստանի Ճարտարապետների պալատին՝ քննարկելու «Կասկադի» ծրագիրը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ճարտարապետներ են ընդամենը ներկայացել այդ հանդիպմանը, որոնք ՔՊ-ի հետ այս կամ այն թելով կապված են: Մեծ մասը մերժել է նրանց:

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ներկա է եղել Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, որը Երևանի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ է: Ի դեպ, նա նաև վերոնշյալ «մտահոգ բաց նամակ»-ի հեղինակներից է և փաստացի երկակի չափանիշներ է գործադրում: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մտերմուհին՝ ճարտարագիտական համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը և Անահիտ Թարխանյանը, որի տղան ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է:

 

Նրանք քննարկել են, հարթել սուր անկյունները, բայց ինչպես՝ պարզ չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Կասկադ» համալիրի համահեղինակներից որևէ մեկի ժառանգը չի մասնակցել այդ կարևոր քննարկմանը՝

• ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյան,

• Սարգիս Գյուրզադյանի իրավահաջորդ Մարիամ Գյուրզադյան,

• Ջիմ Թորոսյանի իրավահաջորդ Անահիտ Թորոսյան:

Նրանց հետ հարցը չի քննարկվել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, և «Կասկադի» շարունակության ճիշտ կառուցումը վտանգված է:

 

Հիշեցնենք, որ «Կասկադի» վերակառուցման կասկածելի գործարքի հաղթողը խոստացել է թանգարան, շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ կառուցել: Խոսքը նույն «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը 2009-ին խարդախության համար դատապարտվել է, և այդ դատավճիռը հրապարակեց «Ժողովուրդ» օրաթերթը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». «Կասկադի» շարունակության ճիշտ կառուցումը վտանգված է