Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վանաձորյան, թե՞ ստամբուլյան սինդրոմ. Մամիկոն Ասլանյանը՝ Գյումրիում կատարվողի մասին
«Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան»,-գրում է Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթելու հետևանքով տևական ժամանակ անազատության մեջ անցկացրած Մամիկոն Ասլանյանը։
Նա նշում է.
«Իշխող ուժի ներկայացուցիչները` սկզբում մեկը մյուսին հերթ չտալով` սուր քննադատության էին ենթարկում Գյումրիի քարոզարշավում հնչող խոսույթը,մարդկանց տարբեր որակումներներ էին տալիս, ապատեղեկատվական ողջ ռեսուրսը ուղղում էին դեպի ընդդիմադիր թեկնածուներ, տարբեր առիթներով մարդկանց կանչում ոստիկանություն։ Հիմա արդեն ռեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ։ Իշխանությունների հետադիմական, ռեակցիոն, անշնորհք գործելաոճի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ռեպրեսիվ, հակաժողովրդավարական պերմանենտ շրջապտույտում։ Ինչ էլ թաքնված լինի այս օպերացիաների տակ, ինչ որակումներ էլ տրվեն քարոզարշավին հնչեցվող լեքսիկոնին, միևնույնն է, այս ամենի պատասխանատուն ու մեղավորը իշխող ուժն է.
Երբ ընտրությունների արդյունքներով հաջողության հասած, ժողովրդից քվե ստացած թիմերից, մարդկանցից բռնի, քրեաիշխանական բիրտ մեթոդներով, մանրթայֆայական չտեսությամբ` Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում պարբերաբար խլում ես քվեն, կալանավորում ու հետապնդման ես ենթարկում մարդկանց՝ զուտ ոչ свой լինելու համար, ստեղծում ես հակաօրինական, լկտի ու ցինիկ գործելաոճի գայթակղություն, անպատժելիության էսկալացիայից արբեցած` անարգել շարունակում ես կեղծ ժողովրդավարական քարոզը, դրան զուգահեռ իրականացնում ես թիրախավորված, պատժիչ գործողություններ, միշտ հանդիպելու ես հակազդեցության, ատելության, որը վերաճելու է ցասման։
Անօրինական գործելաոճով առաջնորդվող իշխանությունը ունակ չէ օրինական որևէ պրոցես ղեկավարելու։
հ.գ Ես այս ընտրությունների նկատմամբ որևէ պոզիտիվ պատրանք չունեմ, բայց հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները ոչ կասեն ցինիզմին ու նվաճողականությանը, իսկ ընդդիմադիր դիրքավորված գործընկերներս ու ընկերներս չեն ընկրկի բիրտ ուժի դիմաց ու կգնան մինչև վերջ։
Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին»։
Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, գրասենյակներում խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։
Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։
Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։