ՆԳՆ-ն ձայնագրություն է հրապարակել՝ բացահայտելով Գյումրիում ընտրակաշառքի և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքեր
Իրավունք
11:54 27/03/2025
Հայաստան

ՆԳՆ-ն ձայնագրություն է հրապարակել՝ բացահայտելով Գյումրիում ընտրակաշառքի և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքեր

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա: ՆԳն ոստիկանությունը նաև ձայնագրություն է հրապարակել ու հիշեցրել, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարքներ են։

«ՆԳՆ ոստիկանությունը գործընկեր իրավապահ կառույցների հետ շարունակելու է ձեռնարկել գործողություններ նմանօրինակ արարքները բացահայտելու ուղղությամբ: Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից»,- նշում են ՆԳն ոստիկանությունից։ 

Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակ և խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

«Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանն ու տարածված ձայնագրությանն, ասել է. «Մանր խոսակցություններ են, յուրաքանչյուր գրասենյակում դա կա, յուրաքանչյուր համակիր ուզում է իր ընկերուհին, բարեկամը գնա ու ձայն տա այն կուսակցությանը, դաշինքին, ում ինքն է սատարում։ Նման բաները բերել ու սարքել Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա, կամ այդ ի՞նչ զզվելի արարք է, ինչո՞ւ իշխանություններին  չեն ձայնալսում։ Մենք չունենք ԿԳԲ-ի պետ, ոտիկականապես, դրա համար էլ այդպե՞ս է։ Այսինքն ով ունի ձայնագրելու, ձայնալսելու հնարավորությունը, ինքը գաղտնալսելու է այն մարդկանում, ովքեր իրենց դե՞մ են արտահայտվում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԳՆ-ն ձայնագրություն է հրապարակել՝ բացահայտելով Գյումրիում ընտրակաշառքի և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքեր