Քրեական շինծու գործերով ռեպրեսիաների իրականացումը նիկոլական Հայաստանի անփոփոխ դեմքն են. «Արթուն ենք»
Քաղաքական
16:44 27/03/2025
Հայաստան

Քրեական շինծու գործերով ռեպրեսիաների իրականացումը նիկոլական Հայաստանի անփոփոխ դեմքն են. «Արթուն ենք»

Իշխանափոխության պահանջով ձևավորված «Արթուն ենք» հանրային շարժումը Գյումրոը ավագանու արտահերթ ընտրությունների  քվեարկության նախաշեմին ընդդիմադիր թեկնածուների գրասենյակներում տեղի ունեցած խուզարկությունների, դրանց հետևած ձերբակալությունների վերաբերյալ տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«2026 թվականին, 2031 թվականին, 2036 և հաջորդ թվականներին սպասող, ընտրություններով իշխանափոխություն անող «ընդդիմադիր» ուժերի աչքի առաջ այս օրերին Գյումրիում տեղի է ունենում իշխանական վերաբերմունքի դրսևորումը ընտրությունների հանդեպ: Քրեական շինծու գործերով ռեպրեսիաների իրականացումը նիկոլական Հայաստանի անփոփոխ դեմքն են, ու դրանք այլևս երբեք չեն փոխվելու ո’չ 2026 թվականի, ո’չ 2031 թվականի, ո’չ 2036 թվականի ընտրությունների ընթացքում:

Հաջորդիվ՝ բոլոր ընտրությունների ընթացքում իշխանությունը հեշտությամբ գտնելու է երկու անձի, որոնց միջև շինծու հեռախոսազրույցների հիման վրա կալանավորելու է ընդդիմադիր թեկնածուների, ընտրական շտաբի անդամների և պարզապես ոչ իշխանահաճո մարդկանց:

Ընդդիմության այն հատվածը, որը ձեռքերը ծալած կնստի մինչև հաջորդ ընտրություններ, կդառնա հանցակիցն այս իշխանությունների հավերժացման գործընթացի և նիկոլի բերած բոլոր աղետների: Բավական է շարժվել նեղ խմբային կամ նեղ անհատական շահերով: Հանրությունը քնած չէ: Հանրությունը տեսնում է քաղաքական ընդդիմության որոշ հատվածների բուռն գործունեության իմիտացիան, 2026 թվականի ընտրություններին մի քանի մանդատ փախցնելու ախորժակը և, միևնույն ժամանակ, հանրությունը վաղուց պատրաստ է վճռական, արդյունավետ պայքարի և չարիքը հաղթահարելու իրական քաղաքական առաջարկի իրացմանը:

Դատապարտում ենք Գյումրիում ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները և կոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության՝ այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը, այլապես իշխանական ռեպրեսիաները շարունակվելու և անպատժելիությունից նոր թափ են հավաքելու 2026 թվականի, 2031 թվականի, 2036 ու հետագա բոլոր թվականների ընտրությունների ժամանակ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քրեական շինծու գործերով ռեպրեսիաների իրականացումը նիկոլական Հայաստանի անփոփոխ դեմքն են. «Արթուն ենք»