«Հրապարակ». Սպասում են Փաշինյանի որոշմանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ
Օրվա մամուլ
08:47 27/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Սպասում են Փաշինյանի որոշմանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում լրագրողները նամակ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին` պահանջելով վերաբերմունք հայտնել օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Tribune.am կայքի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կար, որոնք պահանջում են պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորել և անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ անել։

 

Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուն պես լրագրողներն իրենց օթյակում ապակիներին սեղմած պահեցին պաստառներ՝ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր» գրությամբ։ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս բերեցին լրագրողներին օթյակից։ Եվ չնայած ՔՊ-ական որոշ պատգամավորներ հրապարակային քննադատել են Քոչարյանի պահվածքը, սակայն մենք տեղեկացանք, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել, հավանաբար սպասում են Փաշինյանի որոշմանը, որ հասկանան՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։

 

Եթե հանձնաժողով ստեղծելու որոշում կայացվի, ապա Ա. Քոչարյանի կողմնակիցներն առաջարկելու են քննության առարկա դարձնել իրենց վարքով աչքի ընկած բոլոր պատգամավորների վարքը, ասենք` Ալեն Սիմոնյանի թքելու, Քոչարյանին քննադատող Քրիստինե Պողոսյանի՝ ընդդիմադիր լրագրողի հեռախոսը խլելու և վիրավորելու պատմությունները, Արթուր Հովհաննիսյանի` Էդգար Ղազարյանին ուղղված ականջ կտրելու սպառնալիքները և այլն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Սպասում են Փաշինյանի որոշմանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ