Վահան Մարտիրոսյանը դառնալու է Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը
Մշակույթ
10:55 28/03/2025
Աշխարհ

Վահան Մարտիրոսյանը դառնալու է Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը

Մարտի սկզբին իտալացի հանրահայտ ֆլեյտահար Մասիմո Մերչելլին հանդես է եկել Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիայի հետ՝ նվագելով Մոցարտի և Պուլենկի ստեղծագործություննները հայազգի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Իսկ մարտի 10-ից 12-ը Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիան իր երաժշտասերներին ներկայացրել է Բեթհովենի դաշնամուրի առաջին կոնցերտը հունգարացի դաշնակահարուհի Կլարա Վյուրցի հիանալի կատարմամբ։ Երկու համերգները ղեկավարել է Վահան Մարտիրոսյանը, որը սեպտեմբերից դառնալու է Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը։

Orer.eu-Ի հաղորդմամբ, ընդհանրապես, վերջին տասը տարիներին հայ դիրիժորը բազմիցս հանդես է եկել այս նվագախմբի հետ, կատարել ձայնագրություններ տարբեր նախագծերի շրջանակներում։

klasikaplus.cz կայքը ներկայացրել է Մարտիրոսյանի մասին տեղեկություն, ըստ որի,  Մարտիրոսյանն իր երաժշտական ​​կրթությունը և գործունեությունը սկսել է Երևանի կոնսերվատորիայում, Հայաստանում, ուսանել է Փարիզում և սկսել է աշխատել որպես դաշնակահար։ Վերջին տարիներին նա ավելի աչքի է ընկել որպես դիրիժոր։ Նա իբրև դիրիժոր ղեկավարել է Ֆրանսիայի Կանի սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, որտեղ նա եղել է նաեւ երաժշտական ​​ղեկավար: 2020 թվականի հունվարից նա ղեկավարել է Վալոնիայի թագավորական նվագախումբը, որի հետ հանդես է եկել Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու մրցույթում։

klasikaplus.cz-ը նաև գրում է. «Վահան Մարտիրոսյանը իր հեռատեսությամբ ու տեսանելի շնորհքով երաշխավորեց, որ արդյունքը եղավ ոչ թե ազատ մեկնաբանական խառնաշփոթը, այլ բոլոր գործիքային խմբերի անդամների վիրտուոզության փոքրիկ ցուցադրումը։

Նա արդեն հայտնի է Արևելյան Բոհեմիայի հանրությանը. անցած տարի նրան վստահեցին Պարդուբիցեի երաժշտական գարուն փառատոնի բացման համերգի ղեկավարումը։ Նա ինքն էլ չի թաքցնում իր բնական հայկական խառնվածքը, բայց միևնույն ժամանակ փայլում է այն պարտիտուրների գիտելիքներով, որոնց հետ գործ ունի, ունենալով նաեւ կարգուկանոնի և իր հաստատակամ ժեստերը կառավարելու զգացում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վահան Մարտիրոսյանը դառնալու է Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը