Անցած տարի ՆԳՆ-ն  չի ապահովել 4019 կալանավորված անձի ուղեկցում. Ինչո՞ւ
Իրավունք
10:42 29/03/2025
Հայաստան

Անցած տարի ՆԳՆ-ն չի ապահովել 4019 կալանավորված անձի ուղեկցում. Ինչո՞ւ

2024 թվականի ընթացքում Ներքին գործերի  նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է 17 165 ուղեկցման հայտ` 20 170 ձերբակալված և կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ. չի կատարվել 5581 անձի ուղեկցումը կամ 27,7%-ը, որից կալանավորված անձանց ուղեկցման 12 530 հայտ 14 724 անձի վերաբերյալ, որից չի ապահովվել 4019 կալանավորված անձի ուղեկցումը կամ 27,3%-ը։

Նախարարությունից նշում են, որ չկատարման պատճառներից է ուղեկցող ստորաբաժանման հաստիքների` կիսով չափ թափուր լինելը, նշված գործընթացին համայնքային ոստիկանության ներգրավումն այն պայմաններում, երբ նշված ծառայության հիմնական գործառույթը համայնքի հետ աշխատանքն է, դատական նիստերի դահլիճ ուղեկցումից հետո նիստի չկայանալը և այլն։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։

Ինչ վերաբերում է տնային կալանքին, ապա կարևոր է արձանագրել, որ այն որևէ կերպ չի կարգավորվում օրենսդրությամբ, այսինքն՝ չկա այն իրավասու սուբյեկտը, որը պարտավոր է ապահովել ուղեկցումը։

«Այդուհանդերձ, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության բարձր երաշխիքը, ՆԳՆ ոստիկանությունը հանձն է առել իր սակավ ռեսուրսներով ապահովելու նաև այդ անձանց ուղեկցումը դատարան և հակառակ ուղղությամբ»,-նշում են նախարարությունի ու մանրամսնում, որ վերջին ամիսներին ձեռք է բերել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 22 տրանսպորտային միջոց, ևս 12-ը կահավորման փուլում են։

Նշվում է, որ ուղեկցող ստորաբաժանումներում գործուղման կարգով ներգրավվել են նաև այլ ստորաբաժանումների ծառայողներ։


ՆԳՆ ներկայացմամբ, ձեռնարկված քայլերն արդեն իսկ էականորեն բարելավվել են ուղեկցման իրավիճակը։ Եթե մինչ այս քայլերը, օրինակ` փետրվարի 24-ից մարտի 1-ը ուղեկցման հայտերից ծանրաբեռնվածության պատճառով չէր կատարվում 159-ը կամ 34,6%-ը, ապա ձեռնարկված քայլերի արդյունքում չուղեկցման թիվն էականորեն նվազել է՝ մարտի 25-ի դրությամբ հասնելով 24-ի կամ 5,2%-ի։

Ըստ վիճակագրության՝ մարտի 6-ից 11-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 339 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 32-ը կամ 9,4%-ը, մարտի 12-ից 18-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 458 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 20-ը կամ 4,4%-ը, մարտի 18-ից 25-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 464 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 24-ը կամ 5,2%-ը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անցած տարի ՆԳՆ-ն չի ապահովել 4019 կալանավորված անձի ուղեկցում. Ինչո՞ւ