Տղամարդը ձերբակալվեց 37-րդ բնակարանը թալանելիս
Իրավունք
13:47 03/04/2025
Հայաստան

Տղամարդը ձերբակալվեց 37-րդ բնակարանը թալանելիս

Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։


Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ: Մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան ևս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն:
Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն՝ կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։ Օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է բնակարանային գողություն կատարող տղամարդուն։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային վարչություն։


Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանել է, որ մայրաքաղաքում և տարբեր մարզերում կատարել է ևս 36 բնակարանային գողություն։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին:

«Հանցագործութունների բացահայտման ուղղությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։ Ոստիկանությունը հորդորում է` հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ»,-նշում են ոստիկանությունից։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տղամարդը ձերբակալվեց 37-րդ բնակարանը թալանելիս