«Փաստ». Ստեղծվել է մի իրավիճակ, երբ դժգոհ են և՛ տնտեսվարող սուբյեկտները, և՛ սպառողները
Օրվա մամուլ
08:58 03/04/2025
Հայաստան

«Փաստ». Ստեղծվել է մի իրավիճակ, երբ դժգոհ են և՛ տնտեսվարող սուբյեկտները, և՛ սպառողները

«Փաստ» թերթը գրում է.

«Բազմաթիվ են ահազանգերը, որ կառուցապատողներից բնակարաններ ձեռք բերելով՝ մարդիկ կանգնել են խնդիրների առաջ: Նրանք չեն կարողանում ստանալ սեփականության վկայականները, որոշ ընկերություններ իրենց սնանկ են հայտարարում, պետությունն էլ կարծես դիտորդ լինի այս եռանկյան մեջ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ ունենք խայտառակ պատկեր: «Սկսեմ պետության անելիքներից: Գործադիրը, օրենսդիրը, համայնքը իրար հետ երեք ուղղություններով կարողանում են ավերել բոլոր ոլորտները, այս ոլորտն էլ բացառություն չէ։ Երևանում կար բնակարանաշինության ծրագիր, եկամտահարկի վերադարձ: Թվում էր՝ պետությունն էլ ի՞նչ պետք է աներ, բայց ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ գործադիրն էլ, օրենսդիրն էլ, համայնքն էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում պետական վերահսկողություն, պետական աջակցություն: Սրանք երկու տարբեր գործառույթներ են:

 

Երկուսի միաժամանակ գործելով է, որ կարող ենք ունենալ լավ վիճակ: Այսօր կարողացել են իրենց ապաշնորհ կառավարմամբ հասնել մի իրավիճակի, երբ դժգոհ է և՛ տնտեսվարողը, և՛ սպառողը: Լինում են իրավիճակներ, երբ գոհ է լինում սպառողը, բայց դժգոհում է բիզնեսը, նրան շատ են «նեղացնում», սպառողը գոհ է լինում, խնդիրը կարգավորվում է: Նման դեպքում երբեք գնահատականներ չենք հնչեցնում, որովհետև հասկանում ենք՝ ամեն ինչ մարդակենտրոն պետք է գործի: Լինում են դեպքեր, երբ գոհ է լինում բիզնեսը, որովհետև պետությունը աչք է փակում որոշ բաների վրա, բայց դժգոհ է լինում սպառողը: Հիմա ստեղծել են մի իրավիճակ, երբ դժգոհ են և՛ տնտեսվարող սուբյեկտները, և՛ սպառողները»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

 

Նա առաջարկում է այս ոլորտում տարանջատել իրացնողներին և կառուցապատողներին: «Մեր իրականության մեջ բնակարան ձեռքբերելիս շատ քչերը գիտեն, թե ով է իրականում կառուցապատողը: Տեսնում են հայտնի անուն (իսկ դրանք շատ են), որը զբաղվում է տների վաճառքով, նրան վստահելով՝ ձեռք են բերում բնակարան: Վերջում պարզվում է, որ այս ընկերությունները որևէ պարտավորություն, պատասխանատվություն չունեն, կառուցապատող էլ չեն: Իրացնողներին էլ պետք է բաժանել երկու խմբի. առաջին՝ միայն իրացնողներ, երկրորդ՝ և՛ իրացնողներ, և՛ կառուցապատողներ, այսինքն՝ նույն ընկերությունը և՛ կառուցապատում է, և՛ իրացնում է, ընդ որում՝ ոչ միայն իր կառուցած շենքերը: Քաղաքացուն պետք է տրամադրվի իրավական կարգավորում ու պատշաճ տեղեկատվություն, բայց դա հիմնականում տեղի չի ունենում: Նա հայտնի անունով ընկերությունից գնում է բնակարան, վերջում պարզվում է, որ այս կառուցապատողը երեկ է գրանցել ՍՊԸ-ն: Քաղաքացին ի սկզբանե պաշտպանված չէ, որովհետև ոչ պատշաճ իրազեկվածությամբ և մոլորեցմամբ է գնում այդ բնակարանը: Չկա կարգավորում այս ոլորտում, թե ով ինչ անելու իրավունք ունի և ինչ պարտավորություն է ստանձնում»,-նշում է մեր զրուցակիցը:»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Ստեղծվել է մի իրավիճակ, երբ դժգոհ են և՛ տնտեսվարող սուբյեկտները, և՛ սպառողները