Աննա Հակոբյանին դավաճան անվանելու վերաբերյալ գործ. Մեղադրանքը քաղաքական է
Իրավունք
13:10 04/04/2025
Հայաստան

Աննա Հակոբյանին դավաճան անվանելու վերաբերյալ գործ. Մեղադրանքը քաղաքական է

Ծիծեռնակաբերդում անցած տարի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար Տիգրան Դերմոյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում ավարտվեցին հիմնական դատալսումները։

Մեղադրող դատախազն այսօր հայտարարեց՝ գտնում է, որ մեղադրյալին ներկայացրած մեղադրանքը հիմնավորվել է ձեռք բերված ու հետազոտված ապացույցներով, նրան մեղսագրված արարքը որակված է ճիշտ, ինքը պաշտպանում է մեղադրանքը։

Դատախազն ասաց՝  նման արտահայտություններն հանդիսանում են ատելության խոսքի ծայրահեղ դրսևորում, օժտված են հանրային բարձր վտանգավորությամբ։ 

Նա նշեց, որ այլ անձանց հետ Դերմոյանը մոտ 10 րոպե վանկարկել է «Նիկոլ դավաճան, Նիկոլ հողատու, Նիկոլ ցեղասպան» ու այլ արտահայտություններ, որոնք ուղիղ եթեր են հեռարձակվել։

Դատախազը միջնորդեց Դերմոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 1-ին ր 2-րդ կետերով հոդվածով։ 

Դերմոյանի պաշտպան Արա Պապիկյանը կարծիք հայտնեց, որ հանրային մեղադրողի նման պահանջն ու միջնորդությունը անհիմն են, պաշտպանյալի մեղքը որևէ կերպ չի հիմնավորվել դատաքննության ժամանակ։

«Մեղադրանքը նույնիսկ հիմնավոր կասկածի մակարդակով գոյություն չի ունեցել, հետևաբար չի կարող խոսվել պաշտպանյալիս քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին»,-ասաց Պապիկյանը՝ նշելով, որ Դերմոյանի կողմից չեն հնչեցվում այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են «Նիկոլ հողատու, Նիկոլ դավաճան, Նիկոլ ցեղասպան»։
 

Փաստաբանը պնդեց, մեղադրանքը արհեստական է, այն քաղաքական է։ 

«Բացահայտ փաստ է, որ Դերմոյանն այդ արտահայտությունները չի արել, չկան ապացույցներ, մինչդեռ հանրային մեղադրողը պնդում է, որ կան։ Նման պարագայում, էլ ինչո՞ւ ենք հետազոտում տեսանյութերը»,-ասաց Պապիկյանը։

Փաստաբանը նշեց, որ ներկայացված մեղադրանքն ակնհայտ անհիմն է և դատարանին խնդրեց՝ հաշվի առնելով այս գործի  նախաքննության ժամանակ թույլ տրված քրեադատավարական  օրենքի կոպիտ և բազմակի խախտումները, մեղադրական եզարակացության հիմքում  ընդկած ապացույցների և  հանգամանքների հիմնազուրկ և մտացածին լինելը,  Տիգրան Դերմոյանին  հանցագործության ապօրինի մեղսագրումը,  կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։

Նշենք, որ Քր. օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են.

2. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աննա Հակոբյանին դավաճան անվանելու վերաբերյալ գործ. Մեղադրանքը քաղաքական է