Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 4 երեխաների մոտ ախտորոշվել է սալմոնելոզ
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված նույն ընտանիքի 4 անչափահաս երեխաների մոտ հաստատվել է սալմոնելոզ սուր աղիքային հիվանդությունը։ Հիվանդանոցից Panorama.am-ին փոխանցեցին, որ նրանց վիճակը լավ է, պատրաստվում են դուրս գրմանը։
«Չեմ կարող ասել, թե ինչից է, դա մեր խնդիրը չէ։ Խնջույք է եղել, կերել են ամեն ինչ՝ տորթ, երշիկ, հաջորդ օրը ձվածեղ են կերել։ Կարող է իրենց տնական ձուն չեն լվանում, ձվածեղ են անում... Հնարավոր է։
Որևէ սննդի վրա հնարավոր չէ կենտրոնանալ։ Երևույթները երեխաների մոտ առաջացել են խնջույքից 3 օր անց։ Խնջույքի մյուս մասնակիցների մոտ առողջական որևէ խնդիր չի առաջացել, միայն նույն ընտանիքում»,- նշեցին հիվանդանոցից։
Shamshyan.com-ը գրում է, որ մարտի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 7-ամյա Դ․ Գ․-ն, 12-ամյա Հ․ Գ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն և 10-ամյա Ա․ Գ․-ն՝ առողջական վիճակները՝ միջին ծանրության:
Ոստիկանության ծառայողներին երեխաների մայրը հայտնել է, որ որդու ծննդյան արարողության կապակցությամբ մարտի 27-ին «Տարոն 4» թաղամասում գտնվող նորակառույց խանութից գնել է թխվածք և ընտանիքի անդամների հետ կերել այն, իսկ հաջորդ օրը երեխաների ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրանց տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»:
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։