Գերիների ազատության հարցը պետք է լինի նախապայման, որպեսզի խաղաղության պայմանագիրն արժանանա ամերիկյան վարչակազմի աջակցությանը. Գենսեր
Քաղաքական
11:19 04/04/2025
Հայաստան

Գերիների ազատության հարցը պետք է լինի նախապայման, որպեսզի խաղաղության պայմանագիրն արժանանա ամերիկյան վարչակազմի աջակցությանը. Գենսեր

CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հողվածի հեղինակ՝ պարբերականի Վաշինգտոնի թղթակից Մադլեն Էլհաբալը թեմայի հետ կապված զրուցել է  Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան  Ջարեդ Գենսերի հետ:

 Ստորև հոդվածը ներկայացվում է թարգմանաբար՝ որոշ կրճատումներով.

«Միջազգային հեղինակավոր իրավապաշտպանը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը և  հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողնել անօգնական վիճակում:

«Մեր պահանջը վարչակազմին սկզբից ևեթ շատ հստակ է եղել. հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի  [խաղաղության պայմանագրի] առաջխաղացման  նախապայման. դա եղել է վարչակազմի դիրքորոշումը», - CNA-ին ասել է միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:

Թեև այս ամսվա սկզբին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին  խաղաղության պայմանագրի տեքստի կետերի համաձայնեցման մասին, սակայն այն չի ստորագրվել, չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցմեդիայում  այն ստորագրելու պատրաստակամություն  է հայտնել:

Գենսերը, որը հայտնի է աշխարհի տարբեր մասերում անարդարացիորեն բանտարկված մարդկանց ազատելու իր հաջողված փորձով, ներկայումս աշխատում է ազատել Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերի կառավարության նախկին պետնախարարին:

Գենսերը նշել է, որ Վարդանյանին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդին  չի թույլատրվել ունենալ Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքերով, «միայն ամրապնդում է այն, որ նրա և Լեռնային Ղարաբաղի այլ առաջնորդների հալածանքը բացառապես այն պատճառով չէ, որ նրանք եղել են այսպես կոչված «անկախացող հանրապետության» ներկայացուցիչներ, այլ պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով»:

«Մենք նաև տեսել ենք էթնիկ զտումից հետո հայկական եկեղեցիների և հայկական ժառանգության այլ հուշարձանների հիմնահատակ ավերումը», - ավելացրել է Գենսերը:

Վարդանյանին առաջադրվել է 42 առանձին մեղադրանք: Նրա դատավարությունն անցկացում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք զինվորական չի եղել: Բանտարկվելուց հետո նա երկու անգամ հացադուլ է հայտարարել, ըստ Գենսերի, վերջին հացադուլը տևել է 23 օր, որի ընթացքում նա կորցրել է մոտ 14 ֆունտ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գերիների ազատության հարցը պետք է լինի նախապայման, որպեսզի խաղաղության պայմանագիրն արժանանա ամերիկյան վարչակազմի աջակցությանը. Գենսեր