Եթե այսպես մնա, այդ տղաների գլուխն ուտելու են. Ցմահ դատապարտյալների հարազատները խիստ անհանգստացած են
Իրավունք
10:47 04/04/2025
Հայաստան

Եթե այսպես մնա, այդ տղաների գլուխն ուտելու են. Ցմահ դատապարտյալների հարազատները խիստ անհանգստացած են

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ դատապարտյալների հարազատները երեկ տեղի ունեցածից հետո խիստ անհանգստացած են նրանց հետագա ճակատագրով։

 

«Այս ամեն ինչի վերջը պետք է տրվի։ Եթե այսպես մնա, այդ տղաների գլուխն ուտելու են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը։

 

Նա պնդում է, Քրեակատարողական ծառայության երեկ տարածած հայտարարությունը սուտ տեղեկություններ է պարունակում, պետք է լսել դատապարտվածներին։

 

«Խնդրում ենք, պահանջում ենք՝ դիմեք Արդարադատության նախարարությանը, Քրեակատարողական ծառայությանը, ՄԻՊ գրասենյակին, թող լրագրողներին, իրավապաշտաններին թույլ տան մտնել այդ տարածք, տեսնել, ինչ է կատարվել, խոսել մեր տղաների հետ։ Մենք լսում ենք միայն մի կողմին, ցմահ դատապարտվածները հնարավորություն չունեն խոսել, ներկայացնել տեղի ունեցածը։ Նրանք էլ խոսք ունեն ասելու։ Պետք է ամեն գնով հասնել նրան, որ խումբը մտնի ներս, տեսնի խցերի պայմանները, տեսակցի տղաների հետ, լսի նրանց, նկարի խցերը»,-ասաց ցմահ դատապարտյալի հարազատը, որը ցանկացավ անանուն մնալ հասկանալի պատճառներով։

 

Նրա խոսքով, դատապարտվածները խցերում նստած են եղել, երբ ՔԿՀ աշխատակիցները դիմակավորված անձանց հետ ներս են մտել, այս ու այն կողմ շպրտել անկողինները, վնասել են գույքը, դուբինկաներով ծեծել են տղաներին, խցերից հանել դուրս։

 

«Հենց հիմա թող խումբ ձևավորեն, անցնեն խցերով, տեսնեն մի այրված ներքնակ կա՞։ Ինչի՞ պետք է վնասեն իրենց ձեռքով սարքած գույքը, երբ գիտեն, որ մինչև կյանքի վերջ այդտեղ են ապրելու։ Վառեն ներքնակը որտե՞ղ են քնելու, գետնի՞ն, թե՞ իրենց երկաթե լեժանկեքին։ Թող խումբ ձևավորեն, տանեն՝ լրագրողները, մարդիկ տեսնեն, թե ինչ պայամններում են ապրում այդ դատապարտվածները՝ բլոճներ են, զուգարանի հոտը որտեղից որտեղ  փչում է»,-նշեց մեր զրուցակիցը։

 

Հարազատը պնդում է՝ ծեծված դատապարտյալների թվում կոտրվածքներ ունեցողներ կան, մինչդեռ ՔԿԾ-ն հաղորդագրության մեջ նշել էր, որ ենթարկվել են հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության, արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։

 

«Սուտ են ասում։ Ո՞վ է հետազոտել, որտե՞ղ են տարել։ Մարդիկ բարձր ջերմությամբ պառկած՝ մի հաբ չեն տալիս։ Որևէ բուժօգնություն չի եղել, չկա ըտենց բան։  Մահակներով հարվածել են աջ ու ձախ, տղաները դատարակ ձեռքերով չեն կարողացել պաշտպանվել։  Հետո ծիծաղելով դուրս են եկել՝ թե ՔԿՀ աշխատակիցները, թե  դիմակավորված անձինք։ Ոչ մի տեղ ըտենց օրենք չկա, որ մտնեն դատապարտյալներին ծեծեն, դուրս գան»,-ասաց դատապարտյալի հարազատը։

 

ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ ահազազանգերից, մամուլի հրապարակումներից  հետո պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

 

«Տեղի են ունեցել առանձնազրույցներ դատապարտվածների հետ։ Հիմա հավաքագրված ինֆորմացիան ամփոփման փուլում է»,-ասաց ՄԻՊ խոսնակը՝ ավելացնելով, որ պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե այսպես մնա, այդ տղաների գլուխն ուտելու են. Ցմահ դատապարտյալների հարազատները խիստ անհանգստացած են