Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ
Հասարակություն
12:07 05/04/2025
Հայաստան

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից նշում են, որ հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները.

գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում,

գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում,

ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներ և ինտենսիվ անձրևներ,

​ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (միջինը 170 մլն մ3) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ մինչև 170 մլն մ3 (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2025 թվականի հուլիսի 1-ին 2025 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով (1900.64-1900.69մ սահմաններում), իսկ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.36-1900.41մ սահմաններում, որը 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ կլինի -3...+2սմ սահմաններում:

ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2025 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է.

 Ախուրյանի ջրամբարում՝ 100% (525 մլն մ3),

Արփիլիճ ջրամբարում՝ 55-60% (58.0-63.0 մլն մ3),

Ապարանի ջրամբարում՝ 45-50% (40.0-45.0 մլն մ3),

Ազատի ջրամբարում՝ 85-90% (60.0-65.0 մլն մ3),

 Մարմարիկի ջրամբարում՝ 95-100% (22.0-24.0 մլն մ3):

«Կանխատեսումները կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել գարնանային վարարումների հոսքը ձևավորող գործոնները, և բացի այդ օգտագործվել են կանխատեսված մեծություններ, որոնք ըստ անհրաժեշտության պարբերաբար ենթակա են ճշգրտման, հետևաբար նման դեպքերում կճշգրտվեն նաև թողարկված կանխատեսումները և կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ