Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում լրջորեն «զբաղվել» Ավինյանով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել: Նշենք, որ օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման և դրա վերաբերյալ ընդհանուր միտումների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպման ժամանակ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ այն, ինչ քննարկվում է կոռուպցիայի առնչությամբ, կարելի է ասել, «ջուր ծեծոցի» է, և առավել ճիշտ կլինի, որ այս պահին սկսեն քննարկել իշխանության ներսի ամենակարկառուն ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու փաստը, և քննել հենց նրա հարցը:
Սակայն Նիկոլ Փաշինյանը, որևէ կերպ ընթացք չի տվել և որևէ ձևով չի արձագանքել այդ հայտարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական մեզ փոխանցված այս տեղեկությունը: Զրուցեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ հայտարարության մասին:
Նշենք, որ ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ Տիգրան Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվել ու, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում լրջորեն «զբաղվել» Ավինյանով, քանի որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանը նպատակ ունի «ավինյանական թևին» չեզոքացնելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։