Հրանտ Մաթևոսյանի որդին բռնել էր Փաշինյանի կնոջ սխալը. Աննա Հակոբյանի արձագանքը
Հասարակություն
15:31 09/04/2025
Հայաստան

Հրանտ Մաթևոսյանի որդին բռնել էր Փաշինյանի կնոջ սխալը. Աննա Հակոբյանի արձագանքը

Աննա Հակոբյանի՝ ազգին «կրթելու» շրջանակում հերթական հանդիպումներից մեկում Վանո Սիրադեղյանի խոսքերը վերագրվել են հայտնի ու սիրված գրող Հրանտ Մաթևոսյանին։ 

Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել է Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։


Գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր. «Բա մարդ էլ իր սեփական թերթում տպագրած հոդվածում արված մեջբերումը բուն, հեղինակային նյութից... քսանհինգ տարում չտարբերի:)))))

Բա մարդ էլ իր իբր պաշտած գրողի վաթսունամյա ստեղծագործության երեք տողը, իր մյուս իբր պաշտած գրողի և քաղաքական գործչի տողերից չտարբերի:

Բան մարդ էլ իր իբր պաշտած գրողից իր ամենասիրելի գործի առաջին մեկ էջը մի օրվա մեջ երկու անգամ հրապարակավ գրքից թղթով կարդա ու երկու անգամ էլ վանկեր կմկմալով:

Հիմա, վերջը, կրթությունն անիմաստ է, թե` ֆսյօ ժը` նորաձև:

Մոլորվել եմ, չեմ գտնում պատասխանը: Տեսնեմ էս ռահվիրաները հաջորդ ո՞ր քաղաքում լույս կտան` հագենամ նոր իմաստություններով:


Ավելի ուշ նա «Օրագիր»-ի հետ զրույցում մանրամասնել էր. «Մեջբերումը որևէ կապ չունի Հրանտ Մաթևոսյանի հետ։ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա։ Բայց մարդիկ ապրում են սոցիալական ցանցերով, սոցցանցերով են սնվում, ոչ թե կրթությամբ, որը ոչ թե նորաձև է, այլ կրթությունը կրթություն է։ Եվ կրթությունը կենսական անհրաժեշտություն է հատկապես տգետների համար»։

Այսօր Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ «կծել» է Մաթևոսյանի որդուն.

«Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթեւոսյանի անունը։ Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, եւ առավել եւս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որեւէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։

Չէր հայտարարում, որովհետեւ մեր միջավայրում նորմալ էր նայել եւ չտեսնելը, կարդալ եւ չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետեւ մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել։

#կրթվելընորաձեւէ շարժման նպատակը տողերի, վերնագրերի, հեղինակների, տեքստերի, մտքերի, փաստերի, բառերի իմաստների մեջ խորանալն ու դրանք ճիշտ ըմբռնելը մեզանում նորաձեւ դարձնելն է։

Սեր եւ խոնարհում Հրանտ Մաթեւոսյանին եւ Վանո Սիրադեղյանին»։

Հակոբյանի գրառումը ծաղրում են օգտատերերը՝ նկատելով,որ փատորեն արշավի ընթացքում ներկաներին մատուցվող ցիտատները վերցվում են ոչ թե բնագրից, այլ համացանցից ու սոցիալական ցանցերից, որտեղ ով ինչ ուզի՝ կգրի ու կտարածի։

Սակայն ուշագրավն այն է, որ Դավիթ Մաթևոսյանը չորս տարի առաջ՝ 2021-ին հրապարակային կերպով անդրադարձել է այս թեմային ու մասնավորապես նշել. 

«Ստորև տեղադրում եմ այդ կտորը, ինչպես նաև ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ հոդվածի հղումն ամբողջությամբ, դառնությամբ ու զզվանքով ամրագրելով, որ մեր այսօրվա ձախողակ կառավարիչները, ոչ Մաթևոսյանից, ոչ Սիրադեղյանից մի տող ու մի բառ, ու նույնիսկ տառ անգամ չեն ընկալել, ուր մնաց`ամրագրեին, օղ անեին ականջներին և փորձեին հիմքը դարձնել իրենց գաղափարների ու ծրագրերի: Չնայած... նախ պիտի գաղափար ու ծրագիր ունենային և ոչ լոզունգ ու մտքի շատրվաններ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրանտ Մաթևոսյանի որդին բռնել էր Փաշինյանի կնոջ սխալը. Աննա Հակոբյանի արձագանքը