Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան
Առողջություն
16:20 09/04/2025
Հայաստան

Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան

Հայաստանում մեկ դեղի գրանցման համար պետական տուրքերը մեծ են՝հասնելով մինչև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, գործում է նաև 20 % ԱԱՀ, այն դեպքում, երբ Վրաստանում այդ հարկը դեղերի վրա չի տարածվում։ Արդյունքում շատ դեղագործական ընկերություններ Հայաստանում դեղեր չեն գրանցում, սակայն պահանջարկը կա և այն առաջ է բերում դեղերի շրջանառության սև շուկա, որտեղ որակն անվերահսկելի է, կեղծումները շատ։ Հիմնահարցի շուրջ «Panorama-հարցազրույցների»  տաղավարում իր կարծիքը հայտնեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։

▪Վրաստանից, Ռուսաստանից են բերում դեղերը, որովհետև Հայաստանում դրանք թանկ են, քիչ են և որակի հետ կապված խնդիրներ ունեն։ Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում գրանցված է 8 հազար անուն դեղ և ևս 3500-ից ավել դեղ զուգահեռ ներմուծման հնարավորություն ունի։ Հայաստանում այս պահին ընդամնեը գրանցված է մոտ 3000 անուն դեղորայք, իսկ իրականում դրանից քիչ է առկա դեղատներում։

 ▪Ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղորայքները գալիս են ոչ թե զուգահեռ ներմուծմամբ, այլ զարտուղի ճանապարհով, խախտված են ներկրման բոլոր պայմանները և տարօրինակ է, որ դրա մասին ոչ խոսում է Տեսչական մարմինը, ո՛չ Առողջապահության նախարարությունը, բայց Հայաստանի բոլոր հիվանդները և նշանակող բժիշկները գիտեն բոլոր տեղերը, թե այդ դեղորայքը որտեղ է վաճառվում, որպեսզի հիվանդներն այն ձեռք բերեն։

▪Փաստում ենք, որ չունենք վերահսկողություն, ունենք դեղերի պակաս և Հայաստանում զարտուղի ճանապարհներով բերվող մեծ քանակությամբ դեղորայք։

▪Ինձ գրում են թուրքիայից բերվող դեղորայքի մասին, օրինակ ինսուլինի «Լանտուս» տեսակը։ Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով»։

 ▪Հայաստանում կան անգամ դեղատնային ցանցեր ունեցող մարդիկ, որոնք զարտուղի ճանապարհներով դեղերի ներկրման մեջ են մտած և այն գիտեն, բոլորը, բուժող բժիշկները, բոլոր դեղատները։ Ավելին, այդ չգրանցված դեղեր ներմուծող մարդիկ ունեն պռայսեր, որոնք առաջարկում են դեղատներին։

▪Եթե այդ ամենի մասին ես գիտեմ՝ նշանակում է, որ գիտեն պետական իրավասության մարմինները, գիտի տեսչական մարմինը, կարծում եմ, որ պարտավոր է իմանա ԱԱԾ-ն, որովհետև դեղերը դրանք ազգային անվտանգային խնդիրներ են։ Իսկ թե ինչու այդ մարդիկ չեն դադարում այն անել՝ նշանակում է ունեն որոշակի հովանավորչություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան