Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն՝ նախագահի գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մենք արդեն բավականին երկար ժամանակ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք սկսել։ Այդ հարցերը կարգավորելու համար ունենք ոչ միայն մեկ տարբերակ, այլ շատ տարբերակներ՝ հաշվի առնելով Հայաստանում իշխանությունների ստեղծած իրավիճակը։ Նաև պետք է ապահովագրել ցանկացած գործընթաց՝ որպեսզի ապահովվի պետական ինստիտուտների գոյությունը Հայաստանում՝ հաշի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանությունները, միևնույնն է, հավերժ չեն լինելու»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ դրանով պայմանավորված նախաձեռնել են փոփոխություններ Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ, որովհետև մայիսի 21-ին լրանում է նախագահի լիազորությունների ժամկետը և պետք է կարգավորումներն այնպես արվեն, որ օրենքի շրջանակում որևէ խնդիր չլինի։ Մ.Հակոբյանի խոսքով, Ազգային ժողովի մասով կարգավորումները կան արդեն իսկ գործող Սահմանադրությունում։
Նա նշեց, որ Սահմանադրական փոփոխություններով կարգավորումներն այնպես են արվում, որ ցանկացած պարագայում ելք լինի, նույնիսկ եթե գործող նախագահը ֆիզիկական խնդիրների պատճառով, սեփական որոշմամբ, այլ պատճառներից ելնելով չկարողանա շարունակել պաշտոնավարումը, ամեն դեպքում Արցախի պետական ինստիտուտները չդադարեն գոյություն ունենալ, կարողանան նաև գործունեություն ծավալել։
«Այդ փոփոխություններն նաև արվում են մեկ նպատակով. մենք այս մեկուկես տարում բավականին բարդություններ ենք ունեցել պայմանավորված նաև պասիվությամբ թե Ազգայի ժողովի, թե պետական այլ կառույցների։ Բոլոր կարգավորումները փորձում ենք այնպես անել, որպեսզի ապահովենք այդ կառույցների ակտիվությունն ու կենսունակությունը»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա հայտնեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է, ապա ուղարկվել է Արցախի Գերագույն դարարան, որը տվել է դրական եզրակացություն։ Դրական եզրակացություն է տվել նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։
«Մնում է երկրորդ ընթերցմամբ ընդունվի ու արդեն հնարավոր կլինեն կարգավորումները։ Երկրորդ ընթերցումը պետք է լիներ ապրիլի 4-ին, սակայն, ցավոք սրտի, որոշ խնդիրների պատճառով քվորում չապահովվեց»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։
Նա մանրամասնեց, որ քվորում հնարավոր չի եղել ապահովվել որոշ պատգամավորների վախերի, անլուրջ վերաբերմունքի, իրենց առաքելությունը չհասկանալու, իրենց տեղում չլինելու պատճառով. «Դեռևս չենք դիտարկում այլ տարբերակ, ամեն ինչ արվում է, որպեսզի նիստը տեղի ունենա։
Նոր նիստի օրը դեռ նշանակված չէ, խմորումները դեռ կան։ Բայց երկար չի կարող տևել, քանի որ ժամկետներ գոյություն ունի»։