Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայկական կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գնած ամերիկյան արժեթղթերն այս պահին արժեզրկվում են. Սուրեն Պարսյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ը հռչակեց Ամերիկայի «Ազատագրման օր» և մոտ 60 երկրից ներմուծվող ապրանքների համար 10 %-ից մինչև 50 % մաքսատուրք սահմանեց՝ փաստացի աշխարհին հայտարարելով առևտրային պատերազմ: Ինչպես այն կազդի համաշխարհային և Հայաստանի տնտեսությունների վրա։ Տնտեսական հնարավոր զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Տնտեսագիտության մեջ մաքսերի կիրառումն առաջին հերթին հետապնդում է ներքին շուկան պաշտպալնելու, ինչպես նաև պետական բյուջեն պաշտպանելու՝ ֆիսկալ նպատակ։ Դրա միջոցով խրախուսվում է, որ տնտեսվարողներն իրենց բիզնեսները տեղափոխեն այդ երկիր, որտեղ իրենց ապրանքները սպառվում են։ Սա նոր տնտեսագիտական ուղղություն չէ, այլ պրոտեկցիոնիստական մոտեցում է, որն ուղղված է սեփական արտադրողի շահերի պաշտպանությանը, անտեսելով գործընկերներին, առևտրի միջազգային կանոնները և սկզբունքները։
Տարիներ շարունակ ԱՄՆ-ը քարոզել է բաց, ազատ տնտեսություն, տարբեր միջազգային կազմակերպություններով պարտադրել ստիպել է, որ երկրները բացեն իրենց տնտեսական համակարգերը, շուկաները, բայց արի ու տեղ, որ այդ տնտեսությունները բացելուց հետո իրենք սկսեցին փակել իրենց տնտեսությունը՝ նախանշելով այն, որ մի շարք երկրների հետ իրենք ունեն բացասական առևտրային հաշվեկշիռ։
Իրոք՝ Եվրամիության, Կանադայի, Չինաստանի հետ ԱՄՆ-ն ունի բացասական առևտրային սալդո, այսինքը, ավելի շատ ներկրում է, քան արտահանում և այդ պայմաններում իրենք առևտրի մասով պարտվողի դերում են հանդես գալիս, չեն ցանկանում այլևս այդ դերում մնալ և պարտադրում են, որ այդ երկրներից ներկրվող ապրանքները մաքսատուրք վճարեն, որը կավելացնի ամերիկյան արտադրողների մրցակցային առավելությունները։ Ամերիկյան արտադրողները կսկսեն ներքին շուկայում ավելի ուժեղ իրենց զգալ, իրենց ապրանքների գները կլինեն ավելի մրցունակ, քան ներկրվող ապրանքների գները։
Սակայն եթե այս ամենը մտածված, համակարգված ձևով չի արվում, ապա այն հղի է նոր ճգնաժամերով, տատանումներով և կարճաժամկետում այն առավել քան ակնհայտ է լինում։
Մասնավորապես, նախատեսվում է, որ առաջին փուլում որոշակի ապրանքների գնաճ տեղի կունենա, քանի որ մի շարք ապրանքներ ամերիկյան տնտեսությունն ի վիճակի չէ արտադրել, և դրանց թանկացման համար վճարելու է ամերիկյան սպառողը։
Բացի այդ ամերիկյան կառավարության կողմից իրականացվող այդ մաքսային քաղաքականությունը հակադարձ, հայելային գործողությունների է բերելու նաև իր ապրանքների նկատմամբ և իր՝ ամերիկյան ապարանքների արտահանումն է փակվելու տարբեր երկրներում՝ սկսած Եվրամիությունից։
Նշեմ, որ այդպիսի քայլ եղել է 1929 թվականի Մեծ ճգնաժամի օրերին, երբ փորձ արվեց պաշտպանել ամերիկյան տնտեսությունը՝ բարձրացնելով մաքսատուրքերը, և ճիշտ հակառակը տեղի ունեցավ, իր գործընկերները նույնպես բարձրացրեցին, ամերիկյան ապարնքների բոյկոտ սկսվեց և հետագայում վերանայվեց այդ քաղաքականությունը։
Այս ամենից չէր կարող անբաժան մնալ նաև բորսան, որտեղ կտրուկ տատանումներ և անկումներ են արձանագրում ամերիկյան, արժեթղթերը, բաժնետոմսերը, քանի որ եվրոպացի, չինացի և այլ ներդրողները հակված չեն ամերիկյան շուկայում ներդրումներ կատարել, քանի որ ակնկալում են, որ ամերիկյան ընկերությունները կարող են տուժել տարբեր երկրների կողմից իրականացվող մաքսային սակագնային քաղաքականության արդյունքում։ Բացի այդ կան նաև կոնկրետ հրամաններ, հրահանգներ, որ ամերիկյան տնտեսության մեջ ներդրումներ չանեն, դրա վառ օրինակն է Ֆրանսիան և սա բերում է ընդհանուր շուկայի արժեթղթերի կտրուկ գնանկման։ Օրինակ՝ վերջին օրերի ընթացքում 3 տրիլիոն դոլարի չափով ամերիկյան արժեթղթերն անկում են գրանցել։ Ենթադրենք՝ թե ամերիկյան ընկերությունների ընդհանուր արժեքը 20 տրիլիոն դոլար էր, ապա 3 տրիլիոնով նվազել է, սա էլ այն դեպքում, որ ամերիկյան կառավարությունը նախատեսում էր միայն այս մաքսատուրքերի հաշվին պետական բյուջեն ավելացնել 300-600 մլրդ դոլարով։ Կոպիտ ասած՝ 600 մլրդ դոլար հավաքելու համար իրենց տնտեսությունն արդեն իսկ 3 տրիլիոն դոլարի չափով անկում են գրանցել։ Այո, այդ անկումը կարող է լինել ժամանակավոր և շատ արագ վերականգնվել, բայց առաջին էտապը կարող ենք գնահատել այս իրավիճկը։
Հաջորդ էտապը, թե ինչպես կլինի՝ այս պահին, դժվար է կանխատեսել, քանի որ այս մաքսատուրքերը վերաբերել են 180 երկրի և արդեն 70 երկիր սկսել են բանակցությունները ԱՄՆ-ի հետ մաքսատորքերը նվազեցնելու ուղղությամբ։ Այսինքը սկսվել է մեծ առևտուր, բանակցություններ և ամեն մեկը փորձելու է իր խնդիրն առանձին լուծել, նույնիսկ ԵՄ երկրները փորձում են «վարագույրի հետևում» պայմանավորվածություններ ունենալ ամերիկյան կողմի հետ և իրենց խնդիրներն առաջնային լուծել՝ անտեսելով ընդհանուր միության խնդիրները։
Բավականին դժվար և բարդ պրոցեսներ են։ Թե դրանք ինչպես և ժամանակային առումով երբ կավարտվեն, դժվար է կանխատեսել։
Հայաստանի պարագայում 10 % մաքսատուրքի սահմանումը մեր տնտեսության համար չի կարող լուրջ հետևանքներ թողնել՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ մենք արտահանում ենք ընդամենը 110 մլն դոլարի ապրանք, որը բավականին փոքր գումար է և որի մեծ մասը վերջին տարիներին ադամանդ է։ Ադամանդի թանկացման հետևանքով վաղ է գնահատելը, թե մենք այդ շուկան կկորցնենք, թե ոչ, քանի որ այլ երկրներից ԱՄՆ ներկրվողը կարող է ավելի թանկանալ մաքսատուրքի պատճառով։ Դիցուկ Հնդկաստանից ներկրվող ադամանդը կարող է թանկանալ 30 %-ով, Հայաստանից՝ 10 %-ով և մեր ադամանդը շուկայում լինի ավելի մրցունակ։ Նշենք, որ Հայաստանը չի էլ կարող արձագանքել ամերիկյան մաքսատուրքերի բարձրացմանը, քանի որ համարվում է Մաքսային միության անդամ երկիր և մաքսատուրքերը որոշվում են միասնաբար՝ հինգ անդամների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կողմից։ Իսկ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ ընդհանրապես որևէ մաքսատուրքի բարձրացում չի եղել, հաշվի առնելով այն, որ նախկինում արդեն իսկ որոշակի բարձրացումներ, պատժամիջոցներ եղել են։ Հայաստանի դեպքում այդ բարձացումը չի կարող մաքսատուրքերի մասով ազդեցություն թողնել, բայց այն ներդրողները, որոնք ամերիկյան ֆոնդային բորսաներում գումարներ են դրել։ Հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ են նման ընկերությունները, որոնք Հայաստանում գումարներ են հավաքում և դրսում արժեթղթերի շուկայում ներդրումներ են անում։ Մենք ունենք նաև կենսաթոշակային տարբեր ֆոնդերի կառավարիչներ, որոնք ձեռք են բերել ամերիկյան, եվրոպական արժեթղթեր, օրինակ դրանք հիմա արժեզրկվում են և այդ մասով մենք կարող ենք ունենալ վնասներ։ Այսինքը՝ բորսաներում Հայաստանի ներդրողների վնասներն են բավականին մեծ լինելու, քան արտահանողների վնասները»,-ասաց Սուրեն Պարսյանը։