Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ինժեներական քաղաքում» 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա.Մխիթար Հայրապետյան
«Այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա»,-կառավարության նիստում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ զեկուցելով «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ որոշումը։
Նրա խոսքով վերջին ամսիների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում:
Նախարարը ասաց, որ հողակտորների նախնական սահմանված մինչև 500 քմ հողակտորի սահմանափակումները, դժվարություններ է ստեղծում ընկերությունների համար, այն իմաստով, որ տվյալ ինժեներական ընկերություններն անհրաժեշտություն ունեն դիմել և ստանալ 500 քմ-ը գերազանցող հողակտորներ, որտեղ պետք է տեղադրվեն համապատասխան ինժեներական սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, դատակենտրոններ:
«Այս պահի դրությամբ ԲՏԱՆ-ը, հաշվի առնելով, որ ընկերությունները դեռ նոր են կառուցում իրենց շենքերը, որոշակիորեն փոխհատուցում է այդ ծառայությունները, սակայն այն հստակ ուղերձով, որ երբ քաղաքը սկսի ամբողջ թափով աշխատել, մենք ավարտելու ենք այս ծրագիրը, և այն ինքնաբավ պետք է լինի»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես-աքսելերատորի շենքին:
«Սա և՛ գրասենյակային տարածքներ են, և՛, որ ամենակարևորն է, լաբորատոր տարատեսակ միջավայր է, և ենթադրում է ենթակառուցվածք, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերություններին, այլև ամբողջ տեխնոլոգական էկոհամակարգին է ծառայելու: Նախատեսված է, որ մարտի 31-ին կապալառու ընկերությունը պետք է ավարտեր շինարարական աշխատանքները և հանձներ, սակայն օբյեկտիվ պատճառներով կապալառու ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ երկու ամսով երկարաձգելու այդ աշխատանքներն իրականացնելու ժամկետը, որին ԲՏԱՆ-ը հակված է ընդառաջելու. այսինքն՝ մայիսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքները պետք է ավարտված և հանձնված լինեն մեզ»,- ասաց նա: