Ընկերներն արդարություն են պահանջում կնոջը խեղդամահ անելու համար մեղադրվող Նարեկ Սարգսյանի համար
Իրավունք
13:23 10/04/2025
Հայաստան

Ընկերներն արդարություն են պահանջում կնոջը խեղդամահ անելու համար մեղադրվող Նարեկ Սարգսյանի համար

Մրգավետ համայնքի ղեկավարի որդի՝ Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու, արդար դատավարություն անցկացնելու պահանջով այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Նարեկի ընկերները, հարազատները, նաև փաստաբան Աննա Ծառուկյանը։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է 2022 թվականի մայիսին կնոջը՝ ԵՊՀ դասախոս Տաթևիկ Աբրահամյանին երեք տարեկան երեխայի աչքի առաջ խեղդամահ անելու համար։ Երկու օր առաջ Շենգավիթի դատարանում, ինչպես հայտնել է «Փաստինֆո»-ն, նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ դահլիճում ներկա մի տղամարդ հայտարարել է, որ ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին։

Նիստն ընդմիջվել է, իսկ այդ ընթացքում հայտնի է դարձել, որ դատական կարգադրիչներից մեկը մահացել է։

«Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել  է ՝ սրտի կանգից»,-մանրմաասնել էր «Փաստինֆո»-ն։

Այժմ Ն. Սարգսյանի փաստաբան Աննա Ծառուկյանն ու մտերիմները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի ու իրավական ոլորտի պատասխանատուներից մեկի հետ՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումն ու հիմնավորումները։

«Մենք ցանկանաում ենք բոլոր նյութերով հիմնավորել, որ Նարեկ Սարգսյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ։ Մենք փաստացի մի իրավիճակում ենք, որ դատարանում անձը կարող է խոստովանել, որ կատարել է սպանություն, ու դրանից հետո ոչ միայն նրան ազատ են արձակում, այլև որևէ գործողություն չի իրականացվել։ Մինչ այս պահը վարույթ նախաձեռնելու որոշում չենք ստացել»,-ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը։

Նա ասաց՝ այստեղ կմնան այնքան, մինչև իրենց լսեն։

«Երեք տարի շարունակ մենք բազմաթիվ դիմումներ, նամակներ, հաղորդումներ ենք ներկայացրել կառավարությանը, տարբեր մարմիններին, մինչ այս պահն արձագանք չկա։ Ավելին, երեք տարի շարունակ Նարեկ Սարգսյանի երեխային թույլ չեն տալիս տեսակցել հորական պապիկի ու տատիկի հետ։ Բազմաթիվ հարցեր են առաջացել, կմնանք այնքան, մինչև պատշաճ կարգով գան ու մեզանից վերցնեն դիմումը»,-ասաց փաստաբանը։

Ակցիայի մասնակից տղամարդիկ նշում են, որ Նարեկ Սարգսյանը համայնքում հարգված, սիրված մարդ է, մասնակցել է արցախյան պատերազմին։ Նրանք պնդում են՝ իրենց ընկերն ընդունակ չէր մարդ սպանելու։

«Մենք գնացել-եկել ենք իրենց տուն, տեսել ենք մեր աչքերով իրենց սերը»,-ասաց տղամարդկանցից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընկերներն արդարություն են պահանջում կնոջը խեղդամահ անելու համար մեղադրվող Նարեկ Սարգսյանի համար