Քասախի բնակիչներից մարզպետը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել
Քաղաքական
14:24 10/04/2025
Հայաստան

Քասախի բնակիչներից մարզպետը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր բողոքի ակցիա իրականացնող Քասախ գյուղի բնակիչներից խնդրել է մեկ շաբաթ ժամանակ՝ քննարկելու տրանսպորտի խնդիրը։ Հանդիպմանը ներկա են եղել մարզպետարանի տրանսպորտի վարչության պետը, «Մուլտի տրանս»-ի ներկայացուցիչը։

 

«Քննարկումները դեռ շարունակվելու են։ Պետք է հասկանանք, թե ինչպես ենք լուծելու խնդիրը։ Մի քանի տարբերակ կա, բայց դրանք չեմ հրապարակի»,-ասաց մարզպետը։

Նրա խոսքով, ինքը կապի մեջ է տարածքային կառավարման նախարարության ու այլ մարմինների հետ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Կոտայքի  մարզի Պռոշյան ու Քասախ գյուղերի բնակիչները փակում են Աշտարակի մայրուղին՝ պահանջելով  լուծում տալ տրանսպորտի խնդրին։ Պռոշյանցիները երեկ հանդիպում ունեցան կառավարութունում, այնտեղ առաջարկած լուծումն առայժմ բավարար համարեցին։

Այսօր ճանապարհը փակել էին Քասախի բնակիչները։

Հիշեցնենք, որ Պռոշյանի ու Քասախի բնակիչների  բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Այդ  համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։ 

 

Երեկ կառավարությունում մի քանի բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնություն է  ձեռք բերվել, որ 25 համարի երթուղու ավտոբուսը կհասնի մինչև ՊՆ նախկին շենքի մոտ, իսկ 59 ավտոբուսը այլևս չի հասնի Քասախ։

 

Լուծման այս տարբերակի հետ հաշտ չեն Քասախի բնակիչները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քասախի բնակիչներից մարզպետը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել