Հա՛մ գիտեն, որ սխալ են անում, գնում են անդունդ, հա՛մ էլ նորից անում են. Աշոտ Հարությունյան
Տնտեսություն
14:33 11/04/2025
Հայաստան

Հա՛մ գիտեն, որ սխալ են անում, գնում են անդունդ, հա՛մ էլ նորից անում են. Աշոտ Հարությունյան

ՀՀ Վիճակագրական կոմիտեն ուշացումով՝ մարտի վերջին հրապարակեց «Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ» զեկույցը, որից պարզվեց, որ Հայաստանում կրկին արձանագրվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազում։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 475.835 գլուխ։ 2022-ին այն եղել էր մոտ 560 հազար, 2023-ին՝ մոտ 502 հազար, 2024-ին՝ 492 հազարից մի փոքր պակաս։ 2025 թվականին նախորդ տարվա համեմատ այն նվազել է 3.2 %-ով։

Այս ցուցանիշներին զուգահեռ կառավարությունը վերջին նիստում որոշում ընդունեց բարձրացնել խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացման ծրագրի ֆինանսավորումը։ Նույն հարցի քննարկման ժամանակ սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ծրագիրը ձախողված է, քանի որ 4 տարվա ընթացքում կառուցվել է ընդամենը 900 մլն դրամի խելացի գոմ և ներկրվել ընդամենը 2300 գլուղ տոհմային անասուն։ Գյուղատնտեսության այս ճյուղում տիրող իրավիճակը  և այդ ուղղությամբ վարվող պետական քաղաքականությունը գնահատելու նպատակով  Panoarama.am-ը դիմեց գյուղատնտեսության նախկին նախարարաի տեղակալ Աշոտ Հարությունյանին։

Ա. Հարությունյան-Արդեն քանի տարի է նույն բանը կրկնում եմ՝ ասելով, որ գյուղատննտեսության ոլորտին ուղղված ոչ մի ծրագիր էլ չի աշխատում։ Այն, որ այս տարի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրկին նվազել է, ուզում եք դրա արդյունք գրանցեք, ուզում եք՝ հետևանքը։

Այսինքը, դուք անընդհատ փող եք դնում ոլորտում, ձեր արևին՝ ուզում եք խթանեք, որ այն զարգանա, բայց հակառակն է ստացվում։ Արդեն 7 տարվա մեջ՝ 2015 թվականի 720 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասունից, այս տարի  մնացել է 475 հազար գլուխ։ Տեսեք ինչ քանակի մասին է խոսքը, մոտ 250 հազար գլուխ պակասել է։ Սա նշանակում է, որ վերջին 6-7 տարվա ընթացքում իրականացված այդ ծրագիրն անարդյունավետ չէ, առավել ևս, երբ դրանք փոխում են, լրացուցիչ գումարներ են ավելացնում։

Երբ այդ ծրագրերի մեկնարկն էին անում, դեռ այն ժամանակ ասել եմ, որ դրանք անարդյունավետ, ավելորդ ծրագրեր են։ Պետք է պիլոտային ծրագիր արվեր, գտնեին սխալները, նոր դրանք տարածեին։ Պիլոտային ծրագրեր չեն արել, միանգամից ծրագրեր են իրականացրել, անարդյունավետ ու նորից շարունակում են սխալներով ծրագրերում փող դնել։ Այն արդեն անմեկնաբանելի է։

Panoarama.am -Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից երևում է, որ խոշոր եղեջերավոր անասուններ պահելով ավանդաբար զբաղվող մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Վայոց զորում, անկում է գրանցվում, բայց Արարատի և Արմավիրի մարզերում աճ, վերջինում՝ 6.3 %։ Ինչպե՞ս կբացատրեք այդ տենդենցը։

Ա. հարությունյան-Որպես կանոն այդ տարածքներում անասուն են գնում, բդում են մի քանի ամիս և ամանորի նախօրյակին մորթ են անում, իսկ ՎԿ տվյալներն արդեն աճ է արձանագրվում, որովհետև վերլուծությունը, համարակալումն այդ փոփոխությունը չեն հաշվառում։ Ավելորդ գումար ծախսեցին համարակալման  վրա, իրենք ասում եին՝ համարակալում և հաշվառում։ Համարակալումը կիստա-պռատ արել են, փնթի ձևով, բայց հաշվառում գրեթե չկա։ Եթե հաշվառումը լիներ, իրենք պետք է երկօրյա, եռօրյա, կամ տասնօրյա կտրվածքով ըստ մարզերի, գյուղերի, համայնքների տային գլխաքանակը, իսկ նրանք տարին սկսվել է 4-րդ ամսին նոր հրապարակել են։ Էլ ուր մնաց հաշվառումը։

Համայնքներով, շրջաններով բրուցելոզի տարածման շատ մեծ վտանգը նշանակում է, որ անասնապահության անասնաբուծության ոլորտը ևս ձախողված է։

Panoarama.am -Ինչպես գյուղատնտեսության մյուս ոլորտներո՞ւմ։

Ա. Հարությունյան-Դրա մասին խոսք չկա։ Այսինքն՝ իրենք ներարկում են գումարներ՝ անտեղի խորացնելով ճգնաժամը՝ չլսելով մեր խորհուրդները։ Գիտեք ինչքան գումար և ջանքեր են պետք, որպեսզի այս կորցվածը հետ բերենք՝ հասցնենք գոներ 2017 թվականի մակարդակին։ Այսքանից հետո իրենք ցույց են տալիս աճ։ Ոչ մի տեղ աճ չկա, բայց իրենք այն ցույց են տալիս։

Ինչ վերաբերում է կառավարության ընդունած վերջին անասնաբուծության խթանման ծրագրին՝ասեմ, որ հերթական դարակազմիկ, ոչ թե թերի, այլ, ինչպես իրենք են ասում՝ ուղղման ոչ ենթակա, ձախողված ծրագիրը, նորից շարունակում են։ Հա՛մ գիտեն, որ սխալ են անում, գնում են անդունդ, հա՛մ էլ նորից անում են։ Սա ի՞նչ է նշանակում՝ թող ժողովուրդը որոշի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հա՛մ գիտեն, որ սխալ են անում, գնում են անդունդ, հա՛մ էլ նորից անում են. Աշոտ Հարությունյան