Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործ ունենք հովանավորչության հետ, ուզում ենք հասկանալ, ո՞վ է հովանավորում, այն ի՞նչ մակարդակի է. Բողոքի ակցիայի մասնակից
«Մեր տունը մեր ձեռքից առնում են, քուր ջան, մենք պայքարում ենք։ Դուք ձեր մեքենայի մասին եք մտածում, մենք մեր տան»,- Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները բացատրեցին բժշկուհի ներկայացած կնոջը, ով խնդրում էր ճանապարհը բացել, որպեսզի ինքը հասնի աշխատանքի։
Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել են փողոցն ու արդարություն են պահանջում պետական, իրավապահ մարմիններից։
«Պետություն-բանկ-պետական ու տեղական մարմին լաբիրինթոսի մեջ ենք հայտնվել, ստեղծված իրավիճակում բոլորն ունեն իրենց մեղավորությունը»,-լրագրողների հետ զրույցում ասացին բնակիչները՝ ընդգծելով, որ բանկը վերլուծության հետևանքով պետք է սահմանափակ գումար տրամադրեր կառուցապատող ընկերությանը, որը սնանկ է ճանաչվում։
Բնակիչները չգիտեն, թե ինչ է լինելու բանկում գրավադրված իրենց բնակարանների հետ, երբ սնանկ ճանաչված ընկերությունը չկարողանա մարել պարտքերը։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ կառաուցապատողը երբ գնում է սնանկության, մեծ օգուտներ է ունենում, տարածքում վեց շենքերը կառուցած «ՆԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն այդպիսով խուսափելու է մոտ 16 մլրդ դրամի հարկային պարտավորությունից, բացի այդ Երևան համայնքին չի մարելու մոտ 800 մլն դրամի հասնող հարկային պարտավորություն անշարժ գույքի գծով։
«Ի դեպ, մենք հարցեր ունենք քաղաքապետարանին։ Ինչպե՞ս է , որ երեք տարի շարունակ քաղաքապետարանը չի պահանջել այս կառուցապատողից անշարժ գույքի հարկի վճարումը, քանի որ եթե բնակիչները 5 հազար դրամի գծով հարկային պարտավորություն ունենային, հաստատ արգելանքներ կկիրառեին գույքի, դրամական միջոցների վրա, իսկ իրենց պարագայում ոչ մի բան չի արվում։ Մենք հանգում ենք այն եզրակացության, որ գործ ունենք հովանավորչության հետ։ Հիմա ուզում ենք հասկանալ, ո՞վ է հովանավորում, ի՞նչ մակարդակի հովանավորչության մասին ենք խոսում, երբ ողջ իրավական համակարգն այս խնդրի հետ կապված անգործության է մատնված, Պետական եկամուտների կոմիտեն՝ նույնպես, դատախազութունը, քննչական կոմիտեն»,-ասաց բնակիչներից մեկը։
Ավելի քան մեկ ժամ փողոցը փակ պահելուց հետո համայնքային ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում բնակիչները բացեցին ճանապարհը, սակայն զգուշացրեցին, եթե պատկան մարմինների կողմից խնդրին պատշաճ ուշադրություն չեղավ, ապա փակելու են Դավիթաշեն կամուրջ տանող բոլոր ճանապարհները։
«Ես հույս ունեմ, որ մեր պաշտոնյաները կունենան կամք, չեն ունենա կաշկանդվածություն ու կհանդիպեն բնակիչների հետ»,-ասաց բնակարան գնած քաղաքացին։