«Վեգա»-ի  մինչև 50% զեղչերն իրակա՞ն են. Տպավորութուն է, որ ՄՊՀ-ն չի ցանկանում սրա մասին խոսել
Իրավունք
13:48 15/04/2025
Հայաստան

«Վեգա»-ի մինչև 50% զեղչերն իրակա՞ն են. Տպավորութուն է, որ ՄՊՀ-ն չի ցանկանում սրա մասին խոսել

Կանանց մեկամսյակը լավ առիթ է՝ տարբեր ակցիաների համար։ Սակայն մեծ զեղչերի, գնումների դեպքում ինչ-ինչ նվերների մասին ականջ շոյող գովազդների ու հայտարարությունների իսկությունը միշտ չէ, որ պարզում են։

Օրինակ, ապրիլի 7-ին ընդառաջ «Վեգա» էլեկտրոնիկայի ու տեխնիկայի հիպերմարկետը հայտարարել էր մինչև 50 տոկոս զեղչ 5000 անուն ապրանքների համար։

Կայքում զեղչված ապրանքների վերաբերյալ Panorama.am-ի պարզ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մի քանի ապրանքների դեպքում է զեղչը կազմում 50 տոկոս, մինչդեռ «Առևտրի ու ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.7 հոդվածը  պահանջում է, որ 50 տոկոսով զեղչված լինեն ապրանքների 1/5-ը:

«Հոդված 15.7. Ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները

Զեղչի վերաբերյալ սպառողներին իրազեկելիս որպես զեղչի կիրառման ամենաբարձր տոկոս նշվում է այն տոկոսը, որով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա՝ ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը»,-ասում է օրենքը։

Այսինքն, եթե էլեկտրոնիկայի ու տեխնիկայի խանութը հետևեր օրենքին, ապա ընդհանուր առմամբ 1000 անուն կենցաղային տեխնիկա, էլեկտրական սարքեր ու այլ ապրանքներ պետք է վաճառվեին կես գնով։

Ու քանի որ կայքում 50 տոկոսով զեղչված մի քանի ապրանք նկատեցինք, կա հիմնավոր կասկած, որ տնտեսվարողը խախտում է օրենքի պահանջը։

Panorama.am-ը գրավոր հարցմամբ դիմեց Մրցակցային պաշտպանության հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, արդյո ՄՊՀ կողմից իրականացվե՞լ է ուսումնասիրություն նկարագրված խնդրի բացահայտման ուղղությամբ, եթե այո, ի՞նչ է պարզվել, եթե ոչ, ո՞րն է պատճառը և արդյո՞ք սույն հարցումը բավարա՞ր է քայլեր ձեռնարկելու համար, պարզելու արդյոք տնտեսվարողը չի խախտում օրենքն այս ակցիայի շրջանակում։

Հանձնաժողովից հայտնել են, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող ակցիաները մշտապես գտնվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում և առ այսօր մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ակցիաների առնչությամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։ 

«Ակցիաների առնչությամբ «Վեգա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ տարբեր ժամանակահատվածներում հարուցվել են մի շարք վարույթներ, որոնց արդյունքում կիրառվել են պատասխանատվության միջոցներ։ Միաժամանակ, գրության մեջ նշված ակցիայի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Գրությունը Հանձնաժողովում ստացվել է 2025 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 16։06 րոպեին։ Գրության մեջ նշված հանգամանքները հիմնավորող ապացույցներ չեն կցվել, իսկ Ընկերության կայքէջում ակցիայի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է եղել միայն ակցիայի օրերին՝ մինչև ապրիլի 7-ը, հետևաբար տվյալ ակցիայի վերաբերյալ պայմանները և անհրաժեշտ ապացույցները Հանձնաժողովին հասանելի չեն եղել»,-ի պատասխան նշել են ՄՊՀ-ից։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ նման պատասխանի համար կարելի է տուգանել հանձնաժողովին։

«ՄՊՀ-ն սպառողներին մոլերեցնելու համար վարչական պատասխանատվություն է կիրառում, բայց հանձնաժողովի հայտարարությունն այնպիսին է, եթե մի առանձին կառույց լիներ, հանձնաժողովին կարելի էր տուգանել, քանի որ այն մի քիչ մոլորեցնող է»,-ասաց նա։

 ՀԿ նախագահն ընդգծում է՝ պարտադիր չէ հանձնաժողովն իրականացնի մշտական  մոնիտորինգ, պայմանավորված ծանրաբեռնված աշխատանքով հնարավոր է մի ոլորտ ինչ-որ չաթով մնա ուշադրությունից դուրս, բայց դա չի նշանակում, եթե կա հիմնավոր կասկածի մասին ահազանգ՝ չպետք է իրականացվի ուսումնասիրություն։

«Ձեր կողմից բարձրացված հարցը հիմնավոր կասկած է, իրականում Դուք որևէ ապացույց չէիք էլ կարող ներկայացնել, քանի որ չեք տնօրինում տեղեկատվությանը, ինչպես ես չեմ տնօրինում՝ գնահատական տալու, արդյոք զեղչերի մասին հայտարարությունը մոլորեցնո՞ղ է, թե՞ ոչ։ Հետևաբար, ՄՊՀ-ն պարզապես պետք է  իրականացնի ուսումնասիրություն և տեսնի՝ այդքան անուն ապրանք եղե՞լ է զեղչված, թե՞ ոչ։ Այդ ամենը հաշվառվում է, հայտարարագրվում, ի վերջո վաճառք է իրականացվում։ Իսկ եթե հայտարարագրման մեխանիզմներին հասնալեիության չունեն այլևս, պետք է ասեն, թե որն է պատճառը, հակառակ դեպքում տպավորութուն է, որ չեն ցանկանում պարզապես սրա մասին խոսել։ Ձեր գրությունը չեն դիտարկել որպես բողոք, մինչդեռ պետք է դիտարկեին որպես ահազանգ»,-ասաց Պիպոյանը։

ՀԿ նախագահի խոսքով, հանձնաժողովը կարող է դիմել ընկերությանն ու պահանջել 50 տոկոսով զեղչված ապրանքների ցանկը։

Հայաստանում շատ հաճախ տեսչական ու այլ մարմիններ տնտեսվարողի շահը գերադասաում են օրենից ու սպառողի շահից։ Գուցե ՄՊՀ-ն էլ գործում է  այս տրամաբանության մեջ։

«Հանուն արդարության ասեմ, որ արձանգրել եմ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքի որակը համեմատելի չէ  տեսչական  մարմինների աշխատանքի որակի հետ, ավելի լավ են աշխատել, քան տեսչական մարմինները։ Իսկ եթե  դա արդեն դարձել է պետական կուրս, ոչ թե մեկ մարմնի ղեկավարի, դա արդեն այլ հարց է։ Պետք է նշեմ նաև, եթե խնդրի կարգավորման նկատմամաբ անհետևողականություն լինի, հետ կգնան այն վատ վիճակին, որն ունեինք սրանից երեք տարի առաջ»,-ասաց Պիպոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Վեգա»-ի մինչև 50% զեղչերն իրակա՞ն են. Տպավորութուն է, որ ՄՊՀ-ն չի ցանկանում սրա մասին խոսել