Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Միրզոյանը՝ Արցախը լուծարելու մասին
«Այս կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի, հիմա մեղադրել մեզ այդ հարցն օրակարգից հանելո՞ւ...»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ իրենք քանիցս հայտարարել էին՝ փորձում էին Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերը, այդ թվում և նրանց միջև ուղիղ խոսակցության, միջազգային երաշխիքիների, մեխանիզմների ստեղծման ջանքերով։
«Ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Վստահ էինք՝ այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր էր որոշակի հարցեր լուծել։
Բռնի տեղահանությունից հետո, հատկապես իրենց՝ ինքնալուծարման վերաբերյալ հանրահայտ հռչակումից հետո, այդ օրակարգն այլևս չէր կարող շարունակվել, որովհետև այնտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսեինք»,- ասաց ԱԳ նախարարը։
Նա նշեց, երբ իրենք խոսում էին նշաձողը իջեցնելու մասին, իրենց մեղադրում էին դավաճանության, հողերը ծախելու մեջ։
«Լավ կլիներ այստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերներն, իրենց հետ գնար այս խոսակցությունը։ Բայց ոնց հասկանում եմ, էլի կռվել եք, երևի էլի նեղացել, գնացել են»,- ասաց Միրզոյանը՝ դիմելով նիստին ներկա ՔՊ-ականներին։
«Իրենք որևէ կերպ հրաժարվում էին մասնակցել այդ խոսակցությանը, այդ թվում այստեղ նստած մարդկանց դրդմամբ ...։ Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։
Հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում։ Այս հարցերի պատասխանը լրջորեն պե՞տք է տրվի, թե՞ ոչ։
Հիմա գիտեք ի՞նչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց։ Լավ, այդքան կարճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց Ա. Միրզոյանը։
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, նա ասաց. ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նոր փնտրվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է։ Բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ըստ էության, միջին միջանցքի ճյուղ է։
Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկը» հիանալի կերպով տեղավորվում է այդ կոնցեպտների մեջ։
Հանրահայտ է, որ մենք շատ կառուցողական ու պրակտիկ, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին․ եթե դրական պաշտոնական պատասխան լինի, կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջին միջանցքին կապվելու՝ նույնիսկ չզուգակցելով գործընթացը խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ»։