Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
13:53 16/04/2025
Հայաստան

Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա Անդրեասյան

«Ուսուցչական համակազմի 20 %-ը կամավոր ատեստավորման արդյունքներով բարձրացված վարձատրություն է ստանում»,- Ազգայիկն ժողովում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նա նշեց, որ վարձատրության բարձրացման արդյունքում կան ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

«Ընդհանուր առմամբ՝ վարձատրության համակարգն էապես բարելավվել է: Այս տարի, կարծում եմ, կունենանք շատ ավելի մեծ մասնակցություն: Վստահ եմ՝ մեր բոլոր ուսուցիչները կկարողանան դառնալ այս համակարգի շահառու»,- ասել է Անդրեասյանը։ 

Նա հիշեցրեց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականից, որն առաջին տարում իրականացվել է փորձնական կարգով և հասանելի է եղել կոնկրետ առարկաների և կոնկրետ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: 2023 թվականից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր ուսուցիչները: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2024 թվականին էլեկտրոնային եղանակով իրականացված ատեստավորման ընթացքում լուրջ տեխնիկական խնդիրներ չեն առաջացել․ քննական որոշ կենտրոններում  առաջացած համացանցի հասանելիության և տեխնիկական բնույթի այլ խնդիրներն անմիջապես կարգավորվել են:

«Էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման հաջողությամբ իրականացված գործընթացը ցույց տվեց, որ ուսուցիչների համար էլեկտրոնային տարբերակն  ավելի դյուրին է: Նախկինում նրանք ստիպված էին լինում ժամանակ տրամադրել առաջադրանքների պատասխանների թղթային ձևաթղթում գրանցելու համար: Նշումներ կատարելու ժամանակ նաև տեխնիկական վիպակներ էին թույլ տալիս, ինչը ևս իր ազդեցությունն էր ունենում արդյունքի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել՝ այժմ ուսուցիչները հնարավորություն ունեն տեղում պատասխանելու հարցերին և ավարտելուց անմիջապես հետո իմանալու արդյունքը: Նախարարը նաև նշել է, որ մինչև ատեստավորումն էլեկտրոնային ձևաչափով ուսուցիչներին տրամադրվել էր առաջադրանքների փորձնական տարբերակը, որպեսզի նախապես կարողանան ծանոթանալ համակարգին և փորձարկել այն:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հավաքագրվել են ուսուցիչների՝ էլեկտրոնային համակարգն առավել դյուրին դարձնելու վերաբերյալ դիտարկումները. «Այժմ նաև շրջանառվում է կամավոր ատեստավորման կարգի փոփոխության նախագիծը, որով լրամշակվում են որոշակի ընթացակարգեր՝ գործընթացի առավել արդյունավետ իրականացման նպատակով»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Ժաննա Անդրեասյան