«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների
Օրվա մամուլ
09:04 16/04/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների, և այդ նպատակով է առաջնորդը կրկին հագել հեղափոխական կոստյումը և հոխորտում թալանը  «հատիկառհատիկ» վերադարձնելու, երբեմնի «դուխը չկորցնելու» մասին, դրան են ուղղված հնչող նոր խոստումները: Նաև փորձում է կանխել ու ուղղորդել «Ապօրինի գույքի մասին» օրենքի հետ կապված ՍԴ որոշումը, քանի որ այս օրերին բարձր դատարանը մտել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու այդ օրենքով: Եթե քիչ թե շատ օրենքին ծառայող ՍԴ ունենայինք, ապա այդ օրենքն անպայման հակասահմանադրական կճանաչվեր: Երեկ ԱԺ-ում Փաշինյանը սովորականից ավելի ջղաձիգ էր, մեկ հայտարարում էր, թե «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որևէ հիմք չկա»:

Հետո ափերից դուրս էր գալիս` բղավում, անկանոն շարժումներ անում, մի պահ էլ այնպես ճչաց, որ դահլիճից դուրս լրագրողներին ճեպազրույց տվող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վեր թռավ, աչքերը կլորացրեց, հետո իրեն հավաքեց`շարունակեց խոսքը։ ՔՊ-ում Փաշինյանի պահվածքը ենթադրել է տվել, որ գնում են արտահերթի, քանի որ Ալիևը չի հրաժարվում Սահմանադրությունը փոխելու պահանջից: Անգամ վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն՝ ե՛ւ արտահերթ ընտրություն, ե՛ւ հանրաքվե: Ներկայում օրենքը թույլ չի տալիս նույն օրն անել, բայց դա փոխելը ՔՊ-ի համար խնդիր չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների