Հարցի լուծման ուղղությամբ ողջամիտ ժամկետներում էական առաջընթացի բացակայության դեպքում մեր պայքարը կշարունակենք նոր թափով. Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ
Հասարակություն
15:38 17/04/2025
Հայաստան

Հարցի լուծման ուղղությամբ ողջամիտ ժամկետներում էական առաջընթացի բացակայության դեպքում մեր պայքարը կշարունակենք նոր թափով. Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ

Երևանի քաղաքապետարանում նախօրեին կայացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների, Անաստաս Միկոյան 64 թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչների և թաղամասի բնակիչների հանդիպումը։

Անաստաս Միկոյան 64 թաղամասի բնակիչերի տարածած հաղորդագրության համաձայն, Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ բնակիչների բարձրաձայնած 4000քմ մակերեսով առանձնացված և նոր՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցե ստացած հողամասը ներառված է կառուցապատման համաձայնեցված նախագծում, ըստ որի՝ այդ տարածքում նախատեսված է իրականացնել բացառապես կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ:

Բնակիչները հստակ ներկայացրել են  թաղամասի շահառուների պահանջը՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցով առանձնացված 0,4հա մակերեսով հողամասը պարտադիր պետք է հետ միավորվի Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող 2,97055 հա մակերեսով հողամասին՝ այդ հասցեում ապահովելու գնման իրավունքի պայմանագրերով և համաձայնեցված նախագծով ծանրաբեռնված 3.37055 հա մակերեսով հողամաս, պետք է տրամադրվեն հստակ երաշխիքներ շահագործման թույլտվության ստացման մասով՝ հաշվի առնելով այն, որ կառուցապատողը սնանկ է, իսկ թաղամասի շահագործման համար բազմաթիվ աշխատանքներ դեռ չեն կատարվել։

Ըստ բնակիչների, կառուցապատող ընկերության ներկայացուցիչների կողմից փորձ է արվել առկա իրավիճակը մանիպուլյատիվ և կեղծ պնդումների միջոցով այլ կերպ ներկայացնել: Մասնավորապես, վերջիններս նշել են, որ իբր իրենք գնորդներին կանչում են փոխանցման ակտեր ստորագրելու, սակայն գնորդները հրաժարվում են՝ չնշելով դրա իրական պատճառը:

Բնակիչները ներկայացրմամբ, իրական պատճառն այն է, որ գնորդներին պարտադրվում է ստորացուցիչ պայմաններով փոխանցման ակտ, որը չի բխում օրենքի պահանջներից, այդ թվում՝

  • շահագործման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացված չլինելու պարագայում պարտք-պահանջ չունենալու հավաստում,
  • համաձայնություն առ այն, որ գնորդը տեղյակ է և տալիս է իր համաձայնությունը՝  բակային տարածքում նոր շենքերի շինարարության կամ կառուցապատումների մասով,
  • փոխանցման ակտում գնորդի ձեռք բերած ընդհանուր բաժնային սեփականությամբ իրեն փոխանցվելիք հողամասի մակերեսի 2.97055 հեկտարի նշում՝ 3.37055 հեկտարի փոխարեն, այսինքն՝ առանց առանձնացված 0.4 հեկտար հողամասի։

«Քանի որ քաղաքապետը հստակ սահմանեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող՝ առանձնացված 4000 քմ մակերեսով հողամասում բացի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներից երբեք որևէ այլ կառուցապատումների կամ շինարարության թույլտվություն չի տրվելու, մենք ուղիղ հարց տվեցինք կառուցապատողի ներկայացուցիչներին՝ արդյո՞ք պատրաստ են իրենք ինքնակամ լուծել այդ հողամասի նախնական առուվաճառքի ապօրինի կնքված պայմանագիրը՝ հաշվի առնելով, որ գնորդը նույնպես իրենց մեկ այլ ընկերությունն է:

Սակայն, ի պատասխան գնորդների ուղիղ հարցին, կառուցապատողի ներկայացուցիչները պնդեցին, որ այդ հարցն այլևս իրենց տիրույթում չէ, և այն պետք է քննարկել սնանկության կառավարչի հետ: Փաստվեց, որ կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, խուսանավելով ուղիղ պատասխանից, իրենց դիրքորոշումը այդ հարցի շուրջ չհայտնեցին՝ այդ հարցը տեղափոխելով սնանկության կառավարչի և գրավառու բանկի դաշտ:

Հաշվի առնելով կառուցապատողի անպատասխանատու վարքագիծն ու հարցին կամավոր լուծում տալու կամքի բացակայությունը, քաղաքապետին ներկայացրինք մեր պահանջի հիմքերն առ այն, որ՝

  • հողամասի առանձնացման համար չի եղել որևէ իրավական կամ պայմանագրային հիմք (թույլատրելի են միայն ողջամիտ փոփոխություններ՝ պայմանավորված ենթակառուցվածքների կառուցման և դրանք համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հաշվեկշռին փոխանցելու հանգամանքով), 
  • ավարտական ակտի տրամադրումից հետո չէր կարող տեղի ունենալ այս հողակտորի առանձնացումը և առանձին հասցեի տրամադրումը,
  • քաղաքապետարանի կայացրած այս որոշումն է հնարավորություն ստեղծել հողամասի հետագա օտարման համար,
  • հողամասի առանձնացմամբ տեղի է ունեցել նախագծային էական շեղում, որի չշտկման՝ նախագծով նախատեսված հողամասի ամբողջականության չվերականգնման դեպքում անհնարին է դառնում շահագործման ակտի տրամադրումը։

Բնակիչները բարձրաձայնեցին նաև բնակելի թաղամասի շահագործման թույտվության հետ կապված մյուս մտահոգությունները՝ պայմանավորված կառուցապատող ընկերության սնանկ լինելով և այդ պատճառով շահագործման համար նախագծով նախատեսված աշխատանքների իրականացմանն ուղղված գործընթացների բացակայությամբ։

Ի պատասխան՝ քաղաքապետը կրկին նշեց, որ մինչև նախագծով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ չիրականացվեն, շահագործման թույլտվություն չի տրամադրվի:

Բնակիչներս քաղաքապետին փոխանցեցինք նաև այն բոլոր հնարավոր ուղիները, որոնցով քաղաքապետարանը կարող է հասնել վերոնշյալ պահանջների կատարմանը»,- նշված է բնակիչների տարածած հաղորդագրության մեջ։

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները նշել են՝ քաղաքապետարանից առաջնային ակնկալում են իր գործողությունների արդյունքում առաջ եկած անարդարության վերացում, այն է՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցով առանձնացված 0,4հա մակերեսով հողամասի հետ միավորում Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող 2,97055 հա մակերեսով հողամասին։

«Հայտնում ենք, որ այս հարցի լուծման ուղղությամբ ողջամիտ ժամկետներում էական առաջընթացի բացակայության դեպքում մեր իրավունքների և սեփականության համար պայքարը շարունակելու ենք նոր թափով և գործիքակազմով։

Այսպիսով, գնդակն այլևս քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է»,- նշել են բնակիչները․ 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարցի լուծման ուղղությամբ ողջամիտ ժամկետներում էական առաջընթացի բացակայության դեպքում մեր պայքարը կշարունակենք նոր թափով. Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ