Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատգամավոր Սուքիասյանին ցույց տվեք այս լուսանկարը` Ստեփանակերտի գերեզմանոցը. Երգահան
«Պատգամավոր Սուքիասյանին ցույց տվեք այս լուսանկարը` Ստեփանակերտի գերեզմանոցը, որտեղ մարդիկ շփոթահար մտածում էին` հուղարկավորե՞լ իրենց սիրելիներին, թե՞ մարմինները տեղափոխել Հայաստան։ Դուք կարո՞ղ եք երեք օր շարունակ մեքենայով ճանապարհ անցնել` ձեզ հետ տանելով աշխարհում ձեր ամենասիրելի մարդու մարմինը։ Մարմինը մարդու, որի մահը դեռ չեք հասցրել սգալ։ Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան»,-ֆեյսբուքյան գրառմամբ ՔՊ-ական պատգամավորին դիմել է երգահան, երգիչ Լիլիթ Բլեյանը՝ արձագանքելով երեկ հարցազրույցում հնչեցրած նրա հայտարարություններին։
Նա շարունակում է.
«Դուք կարո՞ղ եք նույն մեքենայում տեղափոխել աշխարհում ձեզ մնացած ամեն ինչը` ձեր միակ տնից վերցրած վերջին մասունքներն ու ձեր միակ երեխայի դիակը, որի մահվանը դեռ չեք հասցրել հավատալ։
Պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Ալեն Սիմոնյանին ու նրանց ենթակա թունավոր լրատվամիջոցների աշխատակիցներին գուցե առաջարկենք` փակվել մի սենյակում ու էկրանի վրա միացնել մեկ օրում զոհված հարյուրավոր արցախցիների պատմությունները։ Միացնեն պատմությունն Ալլա Ստեփանյանի, որը մեկ օրում կորցրեց իր երկու որդիներին, իր տունը, իր Արցախը, ու այսօր միայնակ ապրում է Երևանում։ Ձեզ հետ նույն քաղաքում։ Գուցե դուք պարզապես տեղյա՞կ չեք։
Ի՞նչ թունավոր հիպնոս է դա, որի մեջ դուք ապրում եք։ Ինչո՞ւ եք այդ թույնը տարածում ձեր շուրջը։ Ինչո՞ւ եք խելագարության հասցնում մարդկանց։ Ո՞րն է ձեր նպատակը։ Ձեր միակ մարմնի փրկությո՞ւնը։
Դուք իրո՞ք չգիտեք, որ ձեր մարմինը մի օր, միևնույն է, մեռնելու է։ Ի՞նչ է մնալու ձեզնից հետո։ Ձեր ցանած թո՞ւյնը։ Այդ թույնի վրա ի՞նչ է աճելու։ Ձեզնից հետո ի՞նչ է աճելու ձեր թունավորած հողի վրա։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին, Արցախի պաշտպանության ընթացքում, զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:
Նրանք ծանր կռիվ են մղել 9 ամսվա շրջափակումից հետո, թերսնումից հյուծված, հայաստանյան «իշխանություններից» լքված։
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի, 24 սեպտեմբերի, 2023թ., Ստեփանակերտ, Արցախ»։
Հիշեցնենք, երեկ Խ. Սուքիասյանը 24news-ի հետ զրույցում նախ արցախցիներին մեղադրել է չկռվելու համար, ապա հայտարարել, թե 10 արցախցի է զոհվել 2023 թվականին։ Ավելի ուշ նրա խոսնակ Աննա Մկրտչյանը տարածել է, իբր Սուքիասյանը ներողություն է խնդրում. «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել»։
Մինչդեռ հարցազրույցի ընթացքում Սուքիասյանը լրագրողին մեղադրում է սուտ խոսելու, որն ասում է՝ արցախցիները մեծ թվով զոհեր են ունեցել. « Էդ ձե՛զ ա թվում, բերեք ինձ․․․ սուտ եք խոսում․․․ սուտ խոսեցիք, սու՛տ խոսեցիք։ Զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին։ 10 հոգի մարդ ա, եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա․․․ զոհ չեն ունեցել։ Էդ սկզբի կռիվն ա եղել, որ մի քանի մարդ ա զոհվել։ Ո՞վ ա ասում, որ կռվել են։ Ո՞վ ասեց, որ կռվել են Որտե՞ղ են կռվել։ Էդ օրերին երկու օր ա տեւել, մարդիկ»։