«Ժողովուրդ». Փաշինյանն ինքն էլ գիտի, որ իր ծանոթ-բարեկամների համար ուղղակի պաշտոններ են հորինում ու փողեր մսխում
Օրվա մամուլ
09:00 18/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանն ինքն էլ գիտի, որ իր ծանոթ-բարեկամների համար ուղղակի պաշտոններ են հորինում ու փողեր մսխում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները: ArmLur.am-ը կապ էր հաստատել Թևոսյանի հետ հասկանալու համար, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել:

Վահագն Թևոսյանն արձագանքել էր. «Վարչապետը որոշումը կայացրել է իմ սեփական դիմումի համաձայն։ Բանն այն է, որ Կառավարությունն առաջիկայում պլանավորում է նախաձեռնել հանրօգուտ մեդիաբովանդակության խթանման մի նախագիծ, և ես շատ հետաքրքրված եմ իմ մասնակցությունը բերել այդ ծրագրի առաջխաղացմանը։ Իմ կարգավիճակը դեռևս քննարկվում է։ Պարզապես ես չէի կարող այդ նախագծին ներգրավվել հենց սկզբնական փուլում՝ առանց հրաժարական ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս խորհրդի անդամին զբաղվել այդ գործունեությամբ, դրա համար հրաժարականի դիմում եմ ներկայացրել»։

Կառավարության երեկվա նիստի ժամանակ սակայն վարչապետ Փաշինյանը կասկածի տակ դրեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին նախագծին, քանի որ, ըստ Փաշինյանի, այն ինչ արվելու է՝ «անօգուտ փողի վատնում է լինելու»:

Երբ հարցը զեկուցում էր ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Փաշինյանը հայտարարեց. ««Պետք է պարզել սա հեռուստաընկերությունների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների: Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, քեզ՝ այսքան, քեզ՝ այսքան: Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին: Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում: Այստեղ է խնդիրը»,- հայտարարել է վարչապետը: Ստացվում է՝ Փաշինյանն ինքն էլ արդեն գիտի, որ իր ծանոթ-բարեկամների համար ուղղակի պաշտոններ են հորինում ու փողեր մսխում:

Հիշեցնենք, որ Վահագն Թևոսյանը նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, նախկինում նշանակվել էր ԱԺ խոսնակի ռեֆերենտ, իսկ այժմ Հանրային հեռուստաընկերությունում լրատվական բաժնի խմբագիրն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանն ինքն էլ գիտի, որ իր ծանոթ-բարեկամների համար ուղղակի պաշտոններ են հորինում ու փողեր մսխում