«Թռաք այստեղից», «ծախված լրատվականներ» արտահայտություններով  պրոիշխանական արցախցիները վռնդեցին լրագրողներին
Քաղաքական
14:27 18/04/2025
ԼՂՀ

«Թռաք այստեղից», «ծախված լրատվականներ» արտահայտություններով պրոիշխանական արցախցիները վռնդեցին լրագրողներին

Մի խումբ արցախցի տղամարդիկ, որոնք հայտնի են ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունքով, այսօր փորձեցին ներխուժել Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Նարնք բարձրացել էին ներկայացուցչության ճաղավանդակների վրա, որի մյուս կողմում ոստիկանությունն էր հսկում։ Ցուցարարները պահանջում են «թալանված գումարները հետ վերադարձնել»։

Ցույցի կազմակերպիչներ Նահապետ Սարգսյանը և Արթուր Օսիպյանը կոպտորեն վռնդեցին ակցիան լուսաբանող լրատվամիջոցներին, ասելով թե նրանք վճարովի պատվեր են կատարում։ «Թռաք այստեղից», «ծախված լրատվականներ», «գործակալներ» ձևակերպումներն ուղեկցում էին նրանց կոպիտ խոսքը, իսկ Նահապետ Սարգսյանը հրեց և հայհոյեց 24news.am-ի կին լրագրողին։

Արթուր Օսիպյանը հայտարարեց, թե ավելի քան 40 հոգանոց արցախցի պաշտոնյանի ցուցակ կա «թալանի» մեղադրանքով։ Ցուցարարները սկսեցին թվարկել տարբեր անուններ։ Լրագրողների դիտարկմանը, թե մոռացան Սամվել Բաբայանի անունը տալ՝ բոլոր ցուցարարները միաբերան հակադարձեցին, թե այդտեղ Բաբայանը կապ չունի։

Լրագրողների հարցին, թե ինչու դատախազության դիմաց ցույց չեն անում՝ Նահապետ Սարգսյանը հայտարարեց, թե Արտակ Բեգլարյանի հետ ժամանակին դատախազության դիմաց ցույց է արել։

«Թալանչու հետ, թալանչիների դեմ ցույց եմ արել»,-ասաց նա Արցախի նախկին պետնախարարի մասին։

Ցուցարարները չհամաձայնեցին 10 հոգանոց պատվիրակություն ձևավորել և մտնել Արցախի ներկայացուցչություն Սամվել Շահրամանյանի հետ հանդիպման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Թռաք այստեղից», «ծախված լրատվականներ» արտահայտություններով պրոիշխանական արցախցիները վռնդեցին լրագրողներին