«Ժողովուրդ». Ինչու են նոր հիշել այս «թալանի» մասին, անգամ արցախցիների համար է տարօրինակ
Օրվա մամուլ
09:16 19/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու են նոր հիշել այս «թալանի» մասին, անգամ արցախցիների համար է տարօրինակ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ Երևանի Նաիրի Զարյան 17 Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց բավականին թեժ էր։ Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպովը և նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջում էին հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ու դա անում էին կռվով՝ գոռգոռոցներով ու լրագրողների վրա բղավելով, վիրավորելով, խուլիգանական վարք դրսևորելով:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս նույն անձինք էին, որ Արցախում 2018 թվականին առաջիններից հայտարարեցին, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Նույն այս անձինք նաև սերտ հարաբերությունների մեջ են Սամվել Բաբայանի հետ, որն ամեն բան անում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին վտարանդի պաշտոնից զրկելու, պաշտոնանկ անելու համար: Ու, կարծես թե, այս խումբը իր առջև պլան է դրել այս անգամ ամեն գնով նպատակին հասնելու:

Թեև երեկ ակցիայի մասնակիցները իրենց նպատակը այսպիսին հռչակեցին. «նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր այն գումարները, որոնք թալանվել են արցախցիներից և տրամադրի բռնի տեղահանված արցախցիներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար», սակայն նրանք իրականում երեկ թաքուն բացահայտեցին, որ այս լոզունգներով ՀՀ ընտրություններում որպես երրորդ ուժ են ցանկանում հանդես գալ:

Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշեց, որ Արցախից թալանվել է մոտավորապես 467 մլն դոլար, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները, Օսիպովը խուսափեց անուններ տալուց։

Թե ինչու են նոր հիշել այս «թալանի» մասին, անգամ արցախցիների համար է տարօրինակ: Նկատենք, որ շատ արցախցիներ երեկ վատ էին զգում ագրեսիվ այս երիտասարդների պահվածքի համար և լրագրողներից ներողություն խնդրեցին նրանց փոխարեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչու են նոր հիշել այս «թալանի» մասին, անգամ արցախցիների համար է տարօրինակ