Ինչ տեղի է ունեցել 2018-ից մինչև հիմա, ամբողջությամբ ոչ իրավաչափ է, որովհետև հարուցված գործ չկա. Քոչարյանի պաշտպան
Իրավունք
15:44 21/04/2025
Հայաստան

Ինչ տեղի է ունեցել 2018-ից մինչև հիմա, ամբողջությամբ ոչ իրավաչափ է, որովհետև հարուցված գործ չկա. Քոչարյանի պաշտպան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ,  շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի որոշման պայմաններում չի կարող լինել մեղադրյալի կարգավիճակ առանց մեղադրանքի։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ  ընդհանրապես դատարանում չի կարող վարույթ լինել, եթե չկա քրեական գործ. «Մեղադրանք չէ, քրեական գործ։ Սա շատ կարևոր է։ Այս դեպքում մեր վիճարկման առարկան քրեական գործ հարուցելու որոշման օրինականությունն է»։  

Նա նշեց, որ ունեն մեղադրանքի փոփոխություն մի քրեական  գործի շրջանակներում, որը չկա, հարուցված չէ, որովհետև  հարուցման մեջ նշված է  մի հոդված, որը գոյություն չի ունեցել։

«Առկա չէ օրինական քրեական գործ, քանի որ քրեական գործ  հարուցվել է  այն հոդվածի հատկանիշներով, որը ճանաչվել է  հակասահմանադրական և ուժը կորցրել է ընդունման պահից՝ այն է 2009 թվականից։ Ունենք փաստ, որ  քրեական գործ հարուցվել և նախաքննությունն իրականացվել է  գոյություն չունեցող, ուժը կորցրած, անվավեր ճանաչված, երբևէ չգործած հոդվածով, որը որպես հետևանք անօրինական է  դարձնում դրա ամբողջ արդյունքները։ Ինչ տեղի է  ունեցել 2018 թվականից մինչև հիմա, ամբողջությամբ ոչ իրավաչափ է , որովհետև  հարուցված գործ չկա։

Անդրադառնալով ներկայացված մեղադրանքում նշված ՔՕ 309 հոդվածին, նկատեմ, որ  երբևէ  այդ հոդվածով քրեական գործ հարուցելու որոշում չի կայացվել, ներկա պահին գոյություն չունի այդ հոդվածով հարուցված քրեական գործ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Քոչարյանի նկատմամբ 309 հոդվածի ենթադրյալ խախտմամբ հարուցված գործ գոյություն չունի մինչև հիմա, ինչը նշանակում է, որ առանց քրեական գործ հարուցելու չի կարող  մեղադրանք ձևակերպվել ու առաջադրվել անձին։

Քանի որ առկա չէ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով հարուցված քրեական գործ, ապա չի կարող լինել այդ հոդվածով մեղադրանք»,- հայտարարեց Արամ Օրբելյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել գործը։

Վճռաբեկ դատարանը բեկանել էր գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Մանրամասն՝ տեսանյութերում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ տեղի է ունեցել 2018-ից մինչև հիմա, ամբողջությամբ ոչ իրավաչափ է, որովհետև հարուցված գործ չկա. Քոչարյանի պաշտպան