Վրեժխնդրություն է ինքնիշխան հզոր երկիր ունենալը. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից
Իրավունք
23:38 23/04/2025
Հայաստան

Վրեժխնդրություն է ինքնիշխան հզոր երկիր ունենալը. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից

«Այս տարիներին աշխարհից պահանջել ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ոչ թե փարատելու համար մեր ցավը, և մեր կորուստը միայն, այլ դատապարտելու ցեղասպանությունը, որ ուրիշների կողմից այլևս նման ոճրագործություն չկրկնվի, ինչպես հոլոքոստը, Ռուանդան, Սուդանը, այսօր՝ Գազան և 100 տարի հետո հայերի գլխին նորից փոքր եղեռն եկավ»,-Ծիծեռնակաբերդում տերունական աղոթքից հետո ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազանը հայտարարեց, որ մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել Մամոնային, չենք կարող մեր պատմությունը դնել հաճոյանալու ընծայարանին, չենք կարող զոհաբերել մեր նախնյաց հիշատակը։

Նա ասաց, որ եթե գնան ուրանալու ճանապարհով, ապա ինչ պատասխան պետք է տան ցեղասպանությունը ճանաչած տասնյակ պետություններին և ցեղասպանվածների իրավունքները պաշտպանած մեծ հումանիստներին։

«Վրեժխնդրությունը կարևոր է մեր կյանքի համար, բայց այդ վրեժխնդրությունն այդ է՝ թույլ չտալ թշնամուն իրագործել իր նպատակները՝ Հայաստան առանց հայի, Հարավային Կովկաս առանձ Հայաստան»,-ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ շեշտեց, որ վրեժխնդրություն է ինքնիշխան հզոր երկիր ունենալը։

Ջահերով երթի մասնակիցները՝ սրբազանի առաջնորդությամբ հուշահամալիրում աղոթեցին ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրեժխնդրություն է ինքնիշխան հզոր երկիր ունենալը. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից