Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Շահրամանյան. Տեսել եմ, թե ինչպես են գերեվարnւմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
«Տեսնում ենք, որ չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում։ Մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին՝ Արցախում»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա ընդգծեց, որ անհնար է մոռանալ կամ մոռացության մատնել ցեղասպանության դրսևորումը։
Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարմանը՝ Արցախի նախագահը նշեց, որ ինքն ամենավերջում է դուրս եկել Արցախից՝ նրանց գերեվարվելուց հետո։ Շահրամանյանն ասաց, որ տեսել է՝ ինչպես են Արցախի նախկին նախագահներին գերեվարում. «Ես այդ մասին չեմ ուզում խոսել, հետագայում առիթ կլինի՝ մանրամասն կանդրադառնանք։
Մենք թաքցնելու բան չունենք: Այս պահին կա գործընթաց, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Հետագայում մենք առիթներ կունենաք, կխոսենք ամեն ինչի մասին:
Այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը, և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են նաև մեր խաղաղ բնակչության դուրս գալը»։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք հնարավորություն կար, որ նրանք չգերեվարվեին, Ս. Շահրամանյանը պատասխանել է, որ ոչ, չկար:
Հարցին՝ արդյոք մտադիր է մայիսի 21-ից հետո, երբ իր լիազորությունների ժամկետը լրանա, նորից առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում, նա պատասխանեց. «Մենք այդ որոշումը կայացնելիս հաշվի ենք առնելու մեր հասարակության դիրքորոշումը, ինչպես նաև մեր քաղաքական ուժերի դիրքորոշումը»։
Ինչ վերաբերում է հնչող հայտարարություններին, թե արցախցիները պատերազմի ժամանակ չեն կռվել, թողել փախնել են, Շահրամանյանն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ դա պառակտիչ գործողություններ են, ներազգային տարանջատումներ են դրանով հրահրում»: