«Ժողովուրդ». Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի և դա դարձել է նախարարի հետ ներքին կռիվների պատճառ
Օրվա մամուլ
09:07 25/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի և դա դարձել է նախարարի հետ ներքին կռիվների պատճառ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը:

Հիշեցնենք՝ Սուրեն Նազինյանը ապրիլի 21-ին հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարի գրության հիման վրա իր և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։

«Ժողովուրդ» օրաթերթին առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնական խողովակներով լուրեր հասան, որ կենտրոնի տնօրենի և նախարար Ավանեսյանի միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների: Պարզվում է՝ ներքին տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի:

Արդյունքում, այս թեման դարձել է ներքին կռիվների պատճառ, և Ավանեսյանը շունչը պահած սպասել է, թե երբ պետք է պայմանագրի ժամկետը Նազինյանի հետ ավարտվի ու նրան հրաժեշտ տա։ Այդ ընթացքում նախարարությունից «Ժողովուրդ»-ին շարունակ լուրեր էին հաղորդում, թե Նազինյանին Ավանեսյանը ցանկանում է հեռացնել աշխատանքից՝ գինարբուքների հաճախ մասնակցելու համար:

Ի դեպ, լուրեր կան, որ նախարար Ավանեսյանը դեռ Նազինյանին փոխարինող չի գտել և փնտրտուքների մեջ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder