Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերությունը քննադատել է կառավարությանը
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ըկերության, ինչպես նաև «Շիրակ ավիա» ընկերության գլխավոր տնօրենները համատեղ հայտարարություն են տարածել՝ քննադատելով կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված ՀՀ Կառավարության կողմից ս․թ․ ապրիլի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման վերաբերյալ։
Հարկ ենք համարում նշել, որ այն չի համաձայնեցվել գործող ավիափոխադրողների հետ և չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից։
Մեր խորին համոզմամբ՝ նման ծրագիրը, որի հայտարարված նպատակը զբոսաշրջության խթանումն է, ներկայիս ձևով կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ, որոնք կարող են լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները և է՛լ ավելի խորացնել առանց այն էլ առկա անհավասար մրցակցության պայմաններն օտարերկրյա ավիափոխադրողների հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ ավիացիոն ոլորտը գտնվում է ԵՄ և մի շարք այլ երկրների (Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն), այսպես կոչված, «սև ցուցակում»։
Մտահոգիչ է, որ ՀՀ Կառավարության նիստի ընթացքում հնչել են տեղեկություններ, որոնք տպավորություն են ստեղծել, թե նախագիծը ընդունելի է ՀՀ-ում գործող տեղական ավիափոխադրողների համար, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, պետական պատկան մարմիններին թե գրավոր, թե բանավոր կերպով, տեղեկացվել է այս որոշման նկատմամբ տեղական ավիափոխադրողնորի բացասական դիրքորոշման մասին, ինչը հաշվի չի առնվել նախագծի հեղինակների կողմից»։