Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր դատախազությունը ռեկորդակիր է, պատրաստվում եմ միջնորդել՝ 2-րդ դասարանցու հրավիրել որպես փորձագետ. Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, դատախազությունը նրա դեմ հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել, գործը քննվում է։
Լրագրողների հետ հանդիպմանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ ինքը 1995 թվականից է զբաղեցնում պաշտոն, ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, այնպես որ՝ իր պարագայում խոսքը վերաբերում է նախորդ 30 տարվան։
«Եթե որևէ մեկը 10 րոպե տրամադրի իմ 30 տարիներից յուրաքանչյուր տարուն, կարծում եմ՝ իր մոտ այլևս հարց չի ծագի, թե իմ գույքերը, տեսականորեն, կարող են լինել ոչ օրինական։ Վստահ եմ՝ մի օր կգա այդ ժամանակը, հանրությանը կներկայացվի, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Հարությունյանը։
Նախկին նախարարի ներկայացմամբ, վերջերս դատախազությունը դատարանում նշել է, որ հայտնաբերել են որոշակի օրինական եկամուտներ. «Եթե օրինական են, ուրեմն հայցը պետք է պակասի, եթե չպակասեց, նշանակում է՝ անարդար մոտեցում կա։ Մեր դատախազությունը, պարզվեց, ռեկորդակիր է, որովհետև, հայտնաբերելով լրացուցիչ օրինական եկամուտներ, որոշեց, որ դրա արդյունքում հայցը պետք է ավելանա։ Ես պատրաստվում եմ դատարանին միջնորդել, որ որևէ 2-րդ դասարանցու հրավիրեն որպես փորձագետ, որովհետև բացարձակապես 2-րդ դասարանի թվաբանության գիտելիքները թույլ կտան կատարել գումարում-հանում»։
Դավիթ Հարությունյանն իր հայցադիմումում 237 «նմանատիպ տարօրինակ բան» է հայտնաբերել։
«Շարունակում եմ փնտրտուքը»,- ասաց նա։