Հարազատների և ոստիկանների կողմից որոնվող 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել են Ստեփանավանի կամրջի տակ
Հասարակություն
22:58 30/04/2025
Հայաստան

Հարազատների և ոստիկանների կողմից որոնվող 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել են Ստեփանավանի կամրջի տակ

Ապրիլի 30-ին, ժամը 12:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և արդեն ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոնողական աշխատանքների արդյունքում Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ՝ քարերի մոտ, հայտնաբերվել է որոնվող կնոջ դին։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել կիրճից և մոտեցրել դիատարին։

Դեպքի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզվում է։ Մահացածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Էդիտա Գ.-ն է»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարազատների և ոստիկանների կողմից որոնվող 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել են Ստեփանավանի կամրջի տակ